1994 թվականին, երբ մեր երկիրը գտնվում էր բավական ծանր վիճակում, մի խումբ խանդավառ անհատներ հիմնադրեցին Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեն, որի գլխավոր գաղափարախոսությունը հետևյալն է. սպորտը և ակտիվ կյանքը հաշմանդամություն ունեցող անձանց համար հոգեբանական և ֆիզիկական վերականգնման լավագույն միջոցն է: Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիարժեք անդամներ են և ոչնչով չեն զիջում մյուսներին: Նրանք ի զորու են անել ամեն ինչ ։
Հիմնադրման պահից կոմիտեի նախագահ ընտրվեց Հակոբ Աբրահամյանը: Այդ ժամանակից սկսած Հայաստանը ներկայացնող մարզիկները 2 տարին մեկ անգամ հնարավորություն էին ունենում մասնակցել ամառային և ձմեռային պարալիմպիկ խաղերին։
✔️Առաջին Պարալիմպիկ խաղերը, որին մասնակցել են մեր մարզիկները, տեղի է ունեցել 1996 թվականին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Այդ տարի հայ մարզիկները ներկայացան 2 մարզաձևով՝ առագաստանավային սպորտ և ծանրամարտ։ Խաղերին մասնակցությունը բավական թանկ արժեր։ Պետք էր լուծել նավերի, պարապմունքների և շատ այլ հարցեր։ Բացի այդ, ցանկացած պարալիմպիկ մասնակցություն ենթադրում է երկար ժամանակ՝ մոտ մեկ տարի տևող պահանջող թղթաբանական հարցեր։ Այդ աշխատանքներն այնքան մեծ ծավալով են, որ սկսվում են խաղերից առնվազն 1 տարի ա
ռաջ։ Պարալիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանի և Հակոբ Աբրահամյանի ջանքերի շնորհիվ տարիներ շարոունակ այդ հարցերը լուծվել և լուծվում են:
✔️1998 թվականին Պարալիմպիկ Ձմեռային խաղերը տեղի ունեցան Ճապոնիայի Նագանո քաղաքում, ուր մեր երկրից մեկնեց 15 հոգանոց պատվիրակություն։ Մինչ այդ պարալիմպիկ կոմիտեի ընկերների օգնությամբ հնարավոր եղավ խաղերից 1 ամիս առաջ Ֆրանսիայում կազմակերպել նախապատրաստական լեռնադահուկային հավաք։ Ապահովված էին բոլոր հատուկ պայմանները։
«Ամբողջ խմբով ապրում էինք ընկերոջս տանը: 1 ամիս շարունակ ամեն օր միկրոավտոբուսով գնում էինք լեռնադահուկային կենտրոն, որտեղ մեր մարզիկները պարապմունքներն էին իրականացնում»,- հիշում է Հակոբ Աբրահամյանը։
Մարսելի, Լիոնի,Փարիզի և Վալանսի հայ համայնքների աջակցությամբ լուծվել էին նաև խմբի սննդի և ընթացիկ տարբեր հարցեր։
✔️2000 թվականի Սիդնեյի պարալիմպիկ խաղերին Հայաստանը ներկայացել էր 2 մարզաձևով՝ առագաստանավային սպորտ (4 մարզիկ) և ծանրամարտ (1 մարզիկ)։ Սիդնեյի հայ համայնքը ևս ջերմ հյուրընկալության էր արժանացրել մեր պատվիրակությանը։ Հակոբ Աբրահամյանը հիշում է, որ տեղի թերթերից մեկը մի հոդված էր գրել, որում հիացմունք էր արտահայտած, որ ծով չունեցող երկիրը որոշել է մասնակցել առագաստանավային մրցությանը։ Սիդնեյում ևս մեր պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի հետ, այցելել հայկական դպրոց և եկեղեցի։
Յուրաքանչյուր երկիր այցելության հետևանքն է եղել հայ համայնքների հետ սերտ համագործակցությունը և բարեկամությունը։
✔️2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային պարալիմպիկ խաղերին Հայաստանը ներկայացրել է 8 մարզիկ լեռնադահուկային մարզաձևից։
Կոմիտեում նշում են, որ բոլոր Պարալիմպիկ խաղերից առաջ նամակներ են գրում և տեղեկացնում, որ խաղ՚երին կարող են ներկա գտնվել նաև պետական պաշտոնյաներ։ Եղել են երկրներ, որոնց վարչապետը, կամ նույնիսկ նախագահն է ներկա եղել Պարալիմպիկ խաղերի բացմանը։ Ինչքան բարձր մակարդակով է ներկայությունը, այնքան երևում է տվյալ երկրի զարգացածության աստիճանը։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախկին վարչության պետ Արթուր Պողոսյանը եղել է առաջին պետական պաշտոնյան, որ 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիում ներկա է գտնվել Պարալիմպիկ Խաղերի բացման արարողությանը։
«Մասնակցության վճարը այն ժամանակ կազմում էր 900 դոլար մեկ մասնակցի համար: Գումարը բավական մեծ էր: Ծախսերը հոգացինք և պետության հատկացրած միջոցներով և հովանավորների նվիրատվություններով» -նշում է Հակոբ Աբրահամյանը:
Մինչ 2004 թվականը Պարալիմպիկ Խաղերին կարող էին մասնակցել բոլոր մարզիկները և խաղերն անցկացվում էին այլ ձևաչափով: Աթենքի ամառային Պարալիմպիկ Խաղերից սկսած մասնակցության կարգը փոխվում է։
✔️Մարզաձևերը բերում են վարկանիշային կարգի։ Այն երկրները, որոնց մարզիկները մասնակցելով Եվրոպայի և Աշխարհի տարբեր առաջնությունների չեն ձեռք բերում անհրաժեշտ վարկանիշ, հատուկ թույլտվությամբ՝ որոշակի մարզաձևերից վայրի քարտով, կարող են մասնակցել Պարալիմպիկ Խաղերի։ Այս ուղղությամբ կոմիտեն երկարատև և ծավալուն աշխատանքներ է տանում, բազմաթիվ նամակներ և դիմումներ է ուղարկում թույլտվություն ստանալու համար։
Աթենքում հնարավոր եղավ մասնակցել երկու մարզաձևից՝ ծանրամարտ և նետաձգություն։ 2 մարզիկի սակայն չեն թույլատրել մասնակցել խաղերին, ուստի խնդիրներ են առաջացել նաև նրանց՝ պարալիմպիկ ավանում ապրելու հետ կապված։ Խնդիրը լուծվել է Հակոբ Աբրահամյանի անմիջական միջնորդությամբ։ Այստեղ ևս պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի հետ։
Հաջորդ տարիներին Հայաստանի մասնակցությունը Պարալիմպիկ Խաղերին շարունակական է եղել։
✔️2006 թվականի Պարալիմպիկ Խաղերը տեղի են ունեցել Իտալիայի Տորինո քաղաքում, որտեղ մեր երկիրը ներկայացրել են 2 մարզիկ՝ լեռնադահուկային մարզաձևից։
✔️2008 թվականի Չինաստանի Պեկին քաղաքում անցկացվող ամառային Պարալիմպիկ Խաղերում Հայաստանը ունեցել է 1 մարզիկ ծանրամարտից։
✔️2010 թվականի ձմեռային Պարալիմպիկ Խաղերն անցկացվել են Վանկուվերում։ Հայաստանը ներկայացել է 2 մարզիկով՝ լեռնադահուկային մարզաձևից։Այստեղ ևս մեր պատվիրակությունը հանդիպել է տեղի հայ համայնքի հետ, այցելել հայկական եկեղեցի, շփվել հայ համայնքի հոգևոր առաջնորդ Տեր Գեղարդի հետ։ Այս մասնակցությանը պետությունը ընդհանրապես գումար չի հատկացրել: Մասնակցությունը հնարավոր է եղել իրականացնել հովանավորների ֆինանսական աջակցությամբ:
Բոլոր տարիներին մեր մասնակցությունը հիշարժան է եղել տարբեր առիթներով։
✔️Բայց 2012 թվականի Պարալիմպիկ Խաղերը առավել հիշարժան են նրանով, որ մեր երկիրը այդ տարի ներկայացրել են իգական սեռի մարզուհիներ՝ Գրետան և Մարգարիտան՝ լող և ծանրամարտ մարզաձևերից։ ։«Այնտեղ էլ անընդհատ շեշտում էին այդ փաստը»,- ասում է Հակոբ Աբրահամյանը։ Այստեղ ևս հանդիպումներ և քննարկումներ են եղել հայ համայնքի հետ։
✔️2014 թվականի Սոչիի ձմեռային Պարալիմպիկ Խաղերին ներկայացել է 1 մարզիկ՝ Մհեր Ավանեսյանը՝ Արցախից։ Սոչիում կազմկոմիտեից գալիս, իրենց հետ ծանոթանում էին, հարցեր էին քննարկում։
✔️2016 թվականին Ռիոյում ներկայացել են կրկին 2 մարզուհի։Կոմիտեում ասում են, որ մինչ Ռիո մեկնելը Հայաստանում Բրազիլիայի դեսպանը հանդիպում է կազմակերպել մեր պատվիրակության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող այլ մարզիկների հետ։ Դեսպանը մինչ օրս էլ կապի մեջ է կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի հետ։ Պատվիրակությանը շատ ջերմ են ընդունել նաև Ռիոյում, հանդիպումներ են եղել հայ համայնքի հետ։ Հակոբ Աբրահամյանը ժպիտով հիշում է նաև, իր ընկերներից մեկը՝ Ռաֆֆի Տանիելյանը Անգլիայից, նույնպես Ռիո է եկել և ամեն ինչ արել մեր պատվիրակության հաջող մասնակցությունը ապահովելու համար:
✔️2018 թվականի ձմեռային Պարալիմպիկ Խաղերը անցկացվել է Հարավային Կորեայի Փյոնչան քաղաքում։ Ներկայացել ենք վայրի քարտով, 1 մարզիկով՝ Ստաս Նազարյանը՝ դահուկավազքից։ Եղել է բավականին որակյալ կազմակերպված միջոցառում։ Հայկական պատվիրակությունը իր հերթին ամեն ինչ արել է հաջող հանդես գալու համար:
Պարալիմպիկ ավանում հայկական դրոշի բարձրացման արարողության ժամանակ կատարվել է նվերների փոխանակություն Պարալիմպիկ ավանի հետ: Հակոբ Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների Պարալիմպիկ կոմիտեների նախագահների հետ բազմաթիվ հարցեր քննարկել։
Հերթական Պարալիմպիկ Խաղերը պետք է տեղի ունենար 2020 թվականին,
✔️ Տոկիոյում սակայն հետաձգվեցին կորոնավիրուսի պատճառով: Այնուհետև հաջորդեց 44-օրյա պատերազմը, բայց, այնուամենայնիվ, անգամ այդպիսի դժվարին ժամանակահատվածում կոմիտեն կարողացավ ապահովել Հայաստանի մասնակցությունը այդ կարևոր համաշխարհային միջոցառմանը: Մեր երկիրը ներկայացրել է 1 մարզիկ՝ Ստաս Նազարյանը սայլակավազքով։ Մեր մարզիկը բավականին լավ է ելույթ ունեցել, չնայած այն հանգամանքին, որ մրցակիցները մարզվել են պրոֆեսիոնալ պայմաններում և շատ փորձառու են եղել։
✔️1994 թվականից ի վեր, միակ Պարալիմպիկ խաղերը, որին Հայաստանը չի մասնակցի կլինի այս տարվա Պեկինում կայանալիք ձմեռային Պարալիմպիկ Խաղերը։
Կոմիտեից ասում են, իրենք էլ շատ զարմացած են, որ Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեն իրենց թույլ չի տվել մասնակցել մրցաշարին, որովհետև կատարել են իրենց հասանելիք ամեն ինչ՝ 7 մարզիկների համար ներկայացրել են վայրի քարտերի լրացված ձևաթուղթ և խնդրել՝ գոնե մեկին տալ թույլտվություն, բայց մերժում են ստացել։
Միջազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահը արդեն երկար տարիներ ընկերական ջերմ հարաբերությունների մեջ է Հակոբ Աբրահամյանի հետ։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ պարոն Աբրահամյանը նաև անձնական նամակով է դիմել՝ խնդրելով միջամտել և մարզիկներից գոնե մեկին թույլատրել մասնակցել Պարալիմպիկ Խաղերին։ Ի պատասխան Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի նախագահը նշել է, որ «ամենայն հարգանքով և բոլորովին չնսեմացնելով մեր ընկերությունը, դա իմ լիազորություններից վեր է», ինչը միանգամայն հասկանալի և հարգանքի արժանի քայլ է արևմուտքի համար։
Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի (ՄՊԿ) պաշտոնական լեզուն անգլերենն է և 1994 թվականից մինչ այսօր Հայաստանի Ազգային Պարալիմպիկ Կոմիտեի նամակագրությունը ՄՊԿ-ի և բոլոր միջազգային կառույցների հետ արվել է անգլերենով: Քանի որ Հայաստանի Ազգային Պարալիմպիկ Կոմիտեին չեն հատկացվել համապատասխան միջոցներ անհրաժեշտ հաստիքներ պահելու համար, այս ոլորտում ամբողջությամբ օգտագործվել է «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկի» միություն» բարեգործական ՀԿ-ի ռեսուրսները՝ աշխատակիցներ, տարած, գույք, հովանավորներ և այլն: Պարալիմպիկ Կոմիտեում նշում են՝ երկար տարիներ երկիր ենք ներկայացրել, գերբ ու դրոշ բարձրացրել, հիմն հնչեցրել՝ առանց պետական որևէ ֆինանսավորման, մինչև բոլորովին վերջերս։
https://www.facebook.com/ngopyunic/
https://www.facebook.com/PARALYMPICARM/photos/?ref=page_internal