Search
Close this search box.

Անուններ չեմ կարող ասել, բայց Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին շատ գործընկերներ են մեզ հետ խոսել․Ա․ Գրիգորյան

Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու առաջարկը մեկ մարդու կողմից չի հնչել, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե ով է այդ միջազգային հանրությունը, որ նման առաջարկություններ է անում և ինչպիսի անվտանգության երաշխիքներ կան, եթե այդ նշաձողն իջեցվի։

«Այս պահին կոնկրետ անուններ չեմ կարող ասել․․․ Դա մեկ հոգու կողմից չի առաջարկ եղել, բազմաթիվ գործընկերներ այս մասին մեզ հետ խոսել են։ Բայց երբ անվտանգության երաշխիքների մասին հարցնում եք, անվտանգության երաշխիքները մենք պետք է բանակցությունների ընթացքում ձևավորենք։ Այնպես չէ, որ իրենք ասել են, որ եթե այդ նշաձողը իջեցնեք, այ սրանք են անվտանգության երաշխիքները։ Ադրբեջանի հետ բանակցությունների շրջանակում, ինչպես նաև միջազգային հանրության աջակցության շնորհիվ ստեղծելու ենք այդ անվտանգության երաշխիքները։ Եթե անվտանգության երաշխիքները չլինեն, մենք բնականաբար այդտեղ չենք շարժվի, կպահպանվի գոյություն ունեցող ստատուս–քվոն»,– ասել է նա։

Պետրոս Ղազարյանը նշել է, թե ենթադրում է, որ կկնքվի խաղաղության համաձայնագիր, որը կդառնա այդ երաշխիքը, սակայն Ադրբեջանը բազմիցս է ապացուցել, որ խախտում է ցանկացած համաձայնագիր, չի պահում պայմանավորվածությունները նույնիսկ Ռուսաստանի հետ, և սա աչքի առաջ ունենալով՝ ի՞նչ է ակնկալում իշխանությունը։ Ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասել է, որ երաշխիք է ոչ միայն պայմանագիրը, այլ նաև մեխանիզմները։ Նրա խոսքով՝ օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում ոչ միայն տեքստն է երաշխիքները, այլև մեխանիզմները, օրինակ՝ խաղաղապահների առկայությունն այդտեղ։

«Ընդհանուր առմամբ, տեսնում ենք, որ գոնե այս տարվա ընթացքում միջազգային հարաբերություններում, կառուցակարգերում երկրաշարժեր են տեղի ունենում և դրանք շատ լուրջ ազդեցություն են ունենում մեր տարածաշրջանում։ Ի դեպ, մենք բազմիցս՝ և՛ հրապարակային, և՛ մեր գործընկերների հետ հանդիպումներում ասում էինք, որ Ուկրաինայի շուրջ ցանկացած զարգացում, որը ճգնաժամային տրամաբանություն կունենա, միանշանակ մեր տարածաշրջանի վրա ազդելու է, և Փառուխի օրինակը ևս մեկ անգամ հաստատեց, որ մեր տարածաշրջանը գտնվում է գլոբալ, միջազգային կառուցակարգերի ուժեղ ազդեցության տակ։ Եվ մենք, այս փոփոխությունները տեսնելով, փորձում ենք գտնել անվտանգության երաշխիքներ, որպեսզի կարողանանք Արցախում անվտանգություն ապահովել և մեխանիզմներ գտնել։ Այդ մեխանիզմները ոչ միայն պայմանագրերն են կամ պայմանագիրը, այլ տեղում գոյություն ունեցող մեխանիզմներն են, օրինակ՝ խաղաղապահների տարբերակով ․․․ մենք ակնկալիք ունենք, որ նրանք երկար կլինեն այդտեղ մինչև կգտնենք լուծում։ Բայց Փառուխի դեպքերը ցույց են տալիս, որ այդ անվտանգության մեխանիզմները ևս բավարար չեն ամբողջական անվտանգություն ապահովելու համար։ Մենք ուզում ենք հավելյալ երաշխիքներ ստանալ, որ անվտանգությունն ավահովվելու է Արցախում»,– ասել է նա։

Հաղորդավարի հարցին, արդյոք նկատի ունի այլ զորքեր, Արմեն Գրիգորյանը բացասական պատասխան է տվել՝ հավելելով, որ պետք է գտնել այդ մեխանիզմները, բանակցությունների օրակարգային հարցերից մեկը հենց դա է՝ գտնել այն մեխանիզմները, որոնք երաշխավորելու են Արցախում ապրողների համար և անվտանգություն և իրավունքների իրացում։

Please enter a valid URL