Կառավարությունը վաճառքի է հանել Երևանում և մարզերում Պաշտպանության նախարարությանը պատկանող 72 անշարժ գույք: Ցանկում են Պաշտպանության նախարարության նախկին շենքը, զորամասեր, հեկտարներով հողատարածքներ, օդանավակայան, բուժվարչության մասնաշենքերից մեկը, Ռազմական ոստիկանության Երևանի վարչության շենքը և այլ շինություններ:
Ապրիլի 15-ին Կառավարության նիստին չզեկուցվող նախագծով այս գույքերը փոխանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ վաճառելու նպատակով:
Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի բանակը նյութատեխնիկական մեծ կորուստներ է կրել և ֆինանսական սահմանափակ միջոցների պատճառով ՊՆ-ն սպառազինությունը ցանկացել է համալրել այս գույքի վաճառքով, սակայն Ֆինանսների նախարարությունը դեմ է արտահայտվել՝ համարելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի խախտում:
Սակայն նախագծից պարզ է դառնում, որ տարիներ առաջ այս գույքերը Պաշտպանության նախարարության հաշվեկշռին փոխանցվել են հենց վաճառելու և ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու նպատակով: Փաշինյանի Կառավարությունում մոտ հինգ ամիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այս որոշումն ի վնաս բանակի է համարում:
Նա խնդրահարույց է համարում այն, որ պետգույքի կառավարման կոմիտեի կողմից գույքի վաճառքի դեպքում ստացված գումարը մուտքագրվելու է պետական բյուջե, մինչդեռ ՊՆ-ի կողմից գործարքի իրականացումը հնարավորություն կտար ֆինանսական միջոցները միանգամից ուղղել բանակի կարիքների համար:
Ըստ նրա՝ խոսքը մի քանի հարյուր միլիարդ դրամի մասին է: Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը, մինչդեռ, կարծում է, որ Հայաստանի եկամուտները պետք է նախ մուտքագրվեն պետական բյուջե: Փորձագետը խնդրահարույց է համարում ՊՆ-ից Պետական գույքի կառավարման կոմիտեին գույքերի փոխանցման ընթացակարգն ու հիմնավորումը։
Արտակ Քյուրումյանը, միաժամանակ, արձանագրում է, որ գերատեսչությունները, այդ թվում՝ ՊՆ-ն, ակտիվներ կառավարելու փորձ չունեն:
Ուշագրավ է, որ հետպատերազմական ծանր իրավիճակում գտնվող Հայաստանը որոշում է ՊՆ-ին ամրացված ռազմական գույքեր վաճառել նաև Ադրբեջանի հետ սահմաններ ունեցող մարզերում: Մասնավորապես, վաճառքի հանված երկու զորամաս գտնվում է Գեղարքունիքի մարզում: Ինչ վերաբերում է բանակի բարեփոխմանը, ապա պատերազմից մեկ ու կես տարի անց իշխանությունները չեն հայտնում որևէ առաջընթացի մասին:
Նիկոլ Փաշինյանը դեռ 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզում էր կարևորել զինված ուժերի բարեփոխումը, ստեղծվել էր կառավարական հանձնաժողով՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ: Ավելի քան մեկ տարի անց՝ այս տարվա հունվարի 28-ին՝ ՀՀ բանակի 30-ամյակի օրը «Եռաբլուր» այցելած պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն, այս թեմայով ասելիք չուներ.