Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Շանթ Նավոյանի մայրը՝ Էլեն Նավոյանը կոչով դիմել է զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին, որում ասվում է.
«44-օրյա պատերազմում իրենց երկրային կյանքը զոհաբերած մեր հերոսների ծնողներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ,
Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք անցանք ողբի, ցավի, կսկիծի ու աննկարագրելի տառապանքների միջով, ապրեցինք եւ ապրում ենք կարոտի անտանելի օրեր ու ամիսներ: Մեր որդիների, եղբայրների, ամուսինների ու հայրերի նահատակության մասին մտորելիս, անքուն հարյուրավոր գիշերներ անցկացնելով, մենք մեզ հաճախ հարց էինք տալիս. ո՞ւմ մեղքով, ո՞ւմ քայլերի եւ գործողութփյունների հետեւանքով մեր տուն պատերազմ մտավ . . .
Այդ հարցերի պատասխանները շատերս կռահում էինք, սարսափում այդ պատասխաններից, չէինք կարողանում մեզ ստիպել հավատալ, որ …
Լռել այլևս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին: Լռելով մենք անուղղակի մասնակից ենք դառնում այդ արյունալի ոճրագործությանը: Սիրելի բախտակից ընկերներ, քույրեր եւ եղբայրներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ Մեր Տղերքի հոգիները խռովված են, նրանք մեզնից պահանջում են վրեժ եւ պատասխանատվություն: Նրանք մեզնից վճռականություն են պահանջում:
Ապրիլի 26-ին, ժամը 14.00 հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոն) եւ միասին որոշենք մեր հետագա անելիքները: Խնդրում ենք ձեզ հետ վերցնել մեր հերոսների լուսանկարները կամ վերնաշապիկի վրա ունենալ նրանց պատկերները:
Մեր պահանջն արդար է և գալիս է Երկնքից, նպատակը՝ ազնիվ»: