Այսօր, ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Արտյոմ Ա․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Երախս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտյոմ Ա․-ն և ուղևոր, Արցախի Հանրապետության քաղաքացի 39-ամյա Վազգեն Չ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավերել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մանուկյանի գլխավորությամբ։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։