Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դիմում եմ Երևանի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած հայրենակիցներիս՝ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։ Դիմում եմ որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես հայ, որպես արցախցի, որպես մարդ, որի ճակատագրի մտահոգությամբ են նաև տղաները դիմել նման քայլի, դիմում եմ հացադուլը դադարեցնելու խնդրանքով։
Արցախցիներիս համար թանկ է յուրաքանչյուրիդ կյանքը և առողջությունը, որի վնասման սպառնալիքը մտահոգում է մեզ, ուստի հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը։
Միաժամանակ առաջարկում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել Արցախում, մտքեր փոխանակել ու քննարկել հայրենիքին և Արցախում ապրող մարդու իրավունքներին առնչվող այն բազմաթիվ հարցերն ու խնդիրները, վտանգները, որոնք մտահոգում են մեզ բոլորիս:
Հուսով եմ՝ դրական կարձագանքեք իմ խնդրանքին ու առաջարկին»,- գրել է նա: