Search
Close this search box.

«Ականատես ենք լինում հակահայ իշխանությունների վերջին խռխռոցին, նրանք շուտով կլքեն կառավարական ամառանոցները». քաղաքական վերլուծաբան

Մոսկովյան այցից հետո հայաստանյան իշխանությունների շուրջ օղակը նկատելիորեն սեղմվել է։ Հայաստանի քաղաքական դաշտում հստակ «Կոնսենսուս -1» իրավիճակն է ձևավորվել։ Թե ինչի՞ կհանգեցնի սա, այս պահին, ըստ քաղաքական վերլուծաբան Լևոն Մնացականյանի, դեռևս պարզ չէ։ Ներքաղաքական դաշտում, ըստ վերջինիս, ամեն ինչ չէ, որ պարզ է։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում նշել է Լևոն Մնացականյանը։

«Սա, հավանաբար, Փաշինյանի վերջին այցն էր Մոսկվա, որովհետև Ազգային Ժողովում նրա վերջին ելույթը ցույց տվեց, որ նա, այնուամենայնիվ, ընդգծված հակառուսական քաղաքականության վարող է։ Իհարկե, չէի ցանկանա այնպիսի տպավորություն ստեղծվեր, թե ես կարծում եմ, որ մեր երկրում ղեկավարներն, անպայմանորեն, Կրեմլից պետք է նշանակվեն։ Ակնհայտ է, սակայն, որ հայկական իշխանությունների վրա ռուսական ճնշումները չեն թուլանում, և ես չեմ բացառում, որ Ազատության հրապարակում սկիզբ առած հանրահավաքները, նույնպես, այդ ֆոնի վրա են»,- ասել է քաղաքական վերլուծաբան Լևոն Մնացականյանը։

Բանախոսը նկատում է՝ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձն ակնհայտ սպասարկում է թուրք – ադրբեջանական շահերը.«Հավանաբար, միջազգային հանրություն ասվածը նա ասոցացնում է, բացառապես, Թուրքիա և Ադրբեջան պետությունների հետ։ Հայտնի փաստ է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Արցախում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացնելու տեղ թողնում են։ Այդ իրավունքը բացառում են միայն հարևան երկու թշնամի պետությունները։ Հետևաբար, այն, ինչ անում է Փաշինյանը՝ Արցախի հարցում, այլ բան չէ, քան թուրք ադրբեջանական տանդեմի վարած քաղաքականությունը և սա այլևս փաստ է»։

Անդրադառնալով Փաշինյանի՝ այսօր արված այն հայտարարությանը, թե Մոսկվայում, Արցախյան հարցի հետ կապված, նախագահ Պուտինի հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, Լևոն Մնացականյանը, նախ նկատում է՝ իսկ ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը, եթե չակերտներ չեն բացվում, վարչապետ աշխատող անձը ոչինչ չի մանրամասնում.«Բայց չէ՞ որ Մոսկվա կատարելիք այցից առաջ էլ, նա Ազգային Ժողովի ամբիոնից ընդգծված հակառուսական թեզեր էր առաջ քաշում։ Ինչպե՞ս, ի վերջո, կարելի է հասկանալ այս հակասությունների շղթան…Գիտե՞ք, մենք մեր պատմության մեջ մի թագավոր ունեինք, ով Հայոց հողի վրա այլ տրամադրվածություններ էր ցուցաբերում, թշնամու հողի վրա՝ բոլորովին այլ։ Այս դեպքը բացառիկ է։ Այնպիսի տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը Հայոց հողի վրա թուրք – ադրբեջանական շահերն է հետապնդում և պաշտպանում, իսկ, երբ դուրս է գալիս՝ Ռուսաստանի Դաշնությունում այնպիսի կեցվածք է ընդունում, կարծես, այդ պետության ամենամտերիմ և վստահելի գործընկերն է, սակայն, վերադառնալով Հայաստան, ակնհայտ հակառուսական կեցվածք է ընդունում։ Տպավորություն է, թե ստեղծված իրավիճակում, Փաշինյանը գեոքաղաքական շպագատ է իջել և չի հասկանում՝ Արևմուտքի՞ն գոհացնի, թե՞ Ռուսաստանի Դաշնությանը։ Արդյունքում, իհարկե, տուժում է Հայաստանը, որովհետև, ստեղծված իրավիճակում, այդպես էլ պետք է լիներ»։

Քաղաքական վերլուծաբանն ընդգծում է՝ իրավիճակը պայթունավտանգ է.«Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի ֆոնին, փորձ է արվում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ և այդ ճակատն, իհարկե, այստեղ՝ Հարավային Կովկասում է։ Այս պահի դրությամբ, ՌԴ-ն միակ պետություն է, որը հանդես է գալիս արցախահայության շահերից։ Թեկուզ, սեփական շահերից ելնելով, նա չի ցանկանում տարածաշրջանում վերջնականապես կորցնել իր ազդեցության դիրքերը։ Սա, կարծում եմ, մեր պատմության մեջ չլսված իրավիճակ է ստեղծվել, երբ Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությունը պահում են երկու այլ պետություններ՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այս իմաստով, բոլորովին պատահական չէր այսօր մամուլում տարածված ադրբեջանական կողմի հերթական ցնդաբանությունն այն մասին, թե, իբր, Արցախն ու Իրանը պատմական ադրբեջանական հողեր են։ Սա հստակ և ակնհայտ պատվեր էր՝ Իսրայելի կողմից, որով փորձ է արվում սեղմել օղակը՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ։ Այնուհանդերձ, ես կարծում եմ, որ նրանց փորձերն ապարդյուն են»։

Ամփոփելով զրույցը, Լևոն Մնացականյանը նշում է՝ նկատելի է, որ ականատես ենք լինում հակահայ իշխանությունների վերջին խռխռոցին, նրանք շուտով կլքեն կառավարական ամառանոցները։

Please enter a valid URL