SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է նույն բաժնի հետաքննության բաժանմունք:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված նյութերը նախապատրաստվել են ապրիլի 18-ին Մալաթիա- Սեբաստիա վարչական տարածքում տեղի ունեցած դանակահարության փաստով: Այդ օրը՝ ժամը 18:50–ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, պարզել են վիրավորի ինքնությունը: Նա Երևանի բնակիչ, 19-ամյա Հ. Մ.-ն է, ով հայտնել է, որ իրեն դանակահարել է իր հորաքրոջ 25 –ամյա դուստրը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Մելոյանի գլխավորությամբ, պարզել են, որ Հ. Մ.-ն հաշվառված է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում և նշված վնասվածքը ինքն է իրեն պատճառել՝ դանակով հարվածելու հետևանքով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: