Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման հորդոր միջազգային հանրությունը Հայաստանին չի արել առնվազն մինչև անցած տարվա մայիսի վերջ՝ երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
Շուրջ 25-ամյա դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող նախկին նախարարը, միաժամանակ, հրաժարվեց մեկնաբանել, թե ինչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում Երևանի նշաձողի իջեցում՝ խորհուրդ տալով դիմել կառավարությանը։
Լրագրողի հարցին՝ «միջազգային հանրությունից նշաձողի իջեցման հորդոր կոնկրետ ո՞վ է հնչեցրել», Արա Այվազյանը պատասխանեց. «Իմ ժամանակ չի եղել, եթե հիշում եք, եղել է մի քանի հայտարարություն համանախագահների կողմից, մասնավորապես, դեկտեմբերի, եթե չեմ սխալվում 3-ին և ապրիլի 13-ին, այնտեղ, կարծում եմ, այն շեշտադրումները, որ արել են, լիովին համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին»: