Ալիևն այսօր Բաքվում հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին և ասել, որ Հայաստանը դեռ չի սկսել երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որը «Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ», ինչը նշանակում է, որ գործընթացը կարող է հետաձգվել։
Ինչ վերաբերում է ավտոճանապարհին, ապա «Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը աշխարհագրական կոորդինատներ չի տվել»։ «Փետրվարի 4-ի հանդիպմանը ես բարձրացրել եմ այս հարցը տեսաֆորմատով, բայց պատասխան չեմ ստացել։ Ապրիլի 6-ին նորից խնդրեցի ճանապարհի աշխարհագրական կոորդինատները, բայց պատասխան չեղավ։ Հուսով եմ, որ մենք շուտով դրանք կստանանք»,- ասել է Ալիեւը։
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում։ Կրեմլը հայտարարել է Մոսկվայում միջկառավարական փաստաթղթերի ստորագրման, ինչպես նաև «հաղորդակցությունների ապաշրջափակման» քննարկման մասին։
Փաշինյանը Մոսկվայից «կոորդինատներ» կտա՞։ Ալիևը չի արտաբերել «միջանցք» բառը, բայց Բաքուն սպասում է Երևանի համաձայնությանը հայ-իրանական սահմանի փաստացի օտարման համար, որով պետք է անցնի միջանցքը։ Հայաստանի իշխանությունն այլ ճանապարհ է առաջարկում՝ Նախիջեւանով։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքը» իրականություն դառնա, Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր կունենա։ Այս մասին ասվում է «Ազատություն» ռադիոկայանի հարցին վարչապետի աշխատակազմի պատասխանում։
«Եթե իրականություն դառնա» ձևակերպումն այնքան էլ կոռեկտ չէ, դա նշանակում է, որ Փաշինյանը հնարավոր է համարում կամ համաձայնություն նման իրողության հետ, ինչը նշանակում է տարածքային ամբողջականության խախտում, կամ հարցի ուժային լուծում։
lragir.am