Ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունում, խախտելով վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութեր գործածելու, պահելու, տեղափոխելու, ոչնչացնելու, դրանց գործունեության անվտանգության և այլ կանոնները, Մեղրի համայնքի «Փլավդաղ» կոչվող տեղանքում կոմբինատի շահագործման հետևանքով գոյացած քիմիական նյութեր պարունակող կուտակված կեղատաջրերը բաց են թողնվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայր մեկնած ոստիկանության Մեղրիի բաժնի օպեարտիվ խումբը պարզել է, որ կեղտաջրերը լցվել են Արաքս գետը, որի հետևանքով Երևան-Մեղրի-մաքսակետ Մ2 ճանապարհի 381-րդ կմ-ում ճանապարհի տակով անցնող դեպի Արաքս գետ տանող հեղեղատար խողովակը խցանվել է, և քիմիական կեղտաջրերը ողողել են ճանապարհը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին՝ անմիջականորեն վնասելով գետի և դրան հարակից մերձափնյա հատվածների կենդանական ու բուսական աշխարհը։
Փաստի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մեղրիի ոստիկանները պարզել են՝ արտանետված քիմիական նյութերը, բարեբախտաբար, հոսել են միայն ասֆալտապատ ճանապարհ և Արաքս գետ չեն լցվել։
Ի դեմ, խնդրի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում նշվում է.
Ի պատասխան մամուլում տարածվող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական նյութերը լցվել են Արաքս գետը և վնասել շրջակա միջավայրը» վերտառությամբ հրապարակումների, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը․
Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության խիստ վերահսկողության կենտրոնում։ Նախարար Հակոբ Սիմիդյանի հանձնարարականով դեպքի վայրում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի մասնագետները, որոնք Արաքս գետի ամբողջ երկայնքով իրականացնում են նմուշառման աշխատանքներ։
Ըստ այս պահին առկա տեղեկատվության՝ կեղտաջրերը հոսել են միայն ասֆալտապատ ճանապարհ (տեսանյութը կցվում է) և Արաքս գետ չեն լցվել։
Այժմ Երևան-Մեղրի-մաքսակետ Մ2 ճանապարհի 381-րդ կմ-ում ճանապարհը մաքրվել է քիմիական նյութեր պարունակող կեղտաջրերից (լուսանկարը կցվում է)։
Մաքրման աշխատանքները շարունակվում են։
Ինչ վերաբերվում է հրապարակումներում առկա պնդմանը, թե էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին՝ վնասելով գետի և դրան հարակից մերձափնյա հատվածների կենդանական ու բուսական աշխարհը, ԶԼՄ մեր գործընկերներին ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ գնահատականներ հնչեցնելուց, քանի դեռ ընթանում են փորձաքննական աշխատանքներ։
Փաստի առթիվ Շրջակա մջավայրի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվութուն։