Մամուլում հերթական «արտահոսքն» է հրապարակվել, ըստ որի՝ հայաստանյան գործիչներից մեկը ռուսական իշխանական շրջանակներից փորձել է պարզել՝ եթե իշխանափոխության գործընթաց սկսեն, աջակցություն կստանա՞ն, եւ շատ կոշտ պատասխան է ստացել։ Նրան ուղիղ տեքստով ասել են, որ չեն պատրաստվում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին։
2020-ին 17-ի շարժումից հետո Երեւանում Արցախի փրկության եւ իշխանափոխության կարգախոսներով նոր շարժում է մեկնարկել, որի դերակատարները նույն ռուսանպաստ ուժերն են։ Թե այն ժամանակ, թե ներկայում չի մարում հույսը, որ Մոսկվան կարող է նպաստել իշխանափոխությանը։ Դա էլ գալիս է այն համոզմունքից կամ ագենտուրային դրվածքից, ըստ որի՝ Փաշինյանի «արեւմտամետ ու թրքահաճո իշխանությունը» ձեռնտու չէ Կրեմլին, այն, ինչ կատարվում է Հայաստանում ու Արցախում, դեմ է ռուսական շահերին, ուղղված է այդ շահերի դեմ, եւ այլն։
Ինչու Կրեմլը չցանկացավ Փաշինյանի կառավարության հեռացումը, եթե իսկապես այդպես էր։ Մի պարզ պատճառով՝ Փաշինյանի անփորձ, անգրագետ, «արեւմտամետ ու թրքահաճո» պիտակով թիմը գտածո էր Մոսկվայի համար՝ Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ իր պլաններում, ընդ որում՝ թե այդ պիտակը, թե Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականությանն անհրաժեշտ քարոզչական այլ դրույթներն իրականացվում էին հայերի միջոցով։
Դա անհրաժեշտ էր Մոսկվային պատասխանատվությունն իր վրայից գցելու, իր գործողություններն արդարացնելու, փրկչական կերպարը պահելու համար՝ ռուսական կտրվածքով հակաթուրքականության եւ «ադրբեջանա-թուրքական» կաղապարի սոուսով։
Արտահերթ ընտրությամբ Մոսկվան իր համար գրեթե իդեալական վիճակ ապահովեց Հայաստանում․ Փաշինյանի մեծամասնությունն ապահովվեց Քոչարյանի շուրջ ուժերի համախմբմամբ՝ հանրությունն ընտրեց ոչ թե Փաշինյանին, այլ չցանկացավ, որ «նախկինները» վերադառնան իշխանության։ Մոսկվան այդպիսով ստացավ «եռակողմ հայտարարությունն անվերապահ կատարող» կառավարություն եւ լիովին ռուսական խորհրդարան՝ «ներքին փոխզսպման մեխանիզմներով»։ Պուտինը Փաշինյանի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ չթաքցրեց իր գոհունակությունն այդ կապակցությամբ՝ հրահանգելով «ժողովրդի մեծամասնության վստահությունն» օգտագործել ցավոտ որոշումներն ընդունելու համար։
Քոչարյանին հարող ուժերին իշխանության բերելը Մոսկվայի համար խնդրահարույց էր՝ այդ պարագայում ինչո՞վ էր բացատրելու «եռակողմ պայմանավորվածությունների անվերապահ կատարման», այսինքն՝ հայկական պետականությունը ոչնչացնելու Պուտին-Լավրով պլանը։ Հայաստանը Ուկրաինա չէ, որտեղ Ռուսաստանը գործում է ուղիղ՝ իր դեմքով։ Պուտինի հաջողությունը Հայաստանում անուն ունի՝ Նիկոլ Փաշինյան, ինչպես նաեւ բազում պրոքսի-գործիքներ։
Փաշինյանը Մոսկվայում այսօր հանդիպելու է Պուտինի հետ․ Կրեմլը դա որակել է որպես «ներկա միջազգային իրադրությունում հատուկ նշանակության իրադարձություն»։ Երեւում է՝ եկել է ռուսական պլանների հանգուցալուծման ժամանակը։ Ընդունա՞կ են ՀՀ իշխող ու չիշխող նոմենկլատուրան դիմակայել դրան։
lragir.am