«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը երկրորդ գիշերն է լուսացրել Ազատության հրապարակում։
«Առհասարակ, որեւէ միջադեպ չի եղել, ուղղակի քանի որ չեն թողնում վրան տեղադրել, գիշերը ցուրտ է լինում»,-ասաց նա:
Հարցին, թե եղե՞լ են սադրանքների փորձեր, Վանեցյանը պատասխանեց. «Մեկումեջ գալիս են ուղղորդված մարդիկ, խոսում են, բայց չի անցնցում իրենց ասածը: Ասում են՝ ի՞նչ եք ուզում, թողեք մարդիկ աշխատեն, ինչի՞ եք խանգարում: Որեւէ կոնկրետ բան չեն ասում»:
Վանեցյանի խոսքով, սա ոչ թե կազմակերպված մեծ հանրահավաք է, այլ տեղային անժամկետ բողոքի ակցիա է, որի նպատակն է մարդկանց իրազեկել, մարդկանց հետ դեմ դիմաց խոսել. «Այդ նպատակին ակցիան ծառայում է։ Շատ-շատ մարդիկ են գալիս։ Այս երկու օրվա ընթացքում ես բազմաթիվ քաղաքացիների հետ եմ խոսել, նրանց հուզող հարցերը լսել, պատասխանել։ Շատ դեպքերում մարդիկ տեղեկացված չեն ամբողջական, թե ինչ է կատարվում։ Շատ նորություններ ես եմ նաև իմանում։
Այստեղ գալիս են ոչ միայն ընդդիմության կողմնակիցները, այլև մարդիկ, որոնք դժգոհ են իշխանությունից, բայց չգիտեն՝ ինչ է պետք անել»,-ասաց նա:
«Այս պայքարը հանուն մեր մեծ հայրենիքի է, հանուն Հայաստանի, հանուն Արցախի։ Որևէ ուրիշ նպատակ մեր պայքարը չի հետապնդում։ Մենք ասում ենք, որ այս իշխանությունները հետևողական կերպով բերել հասցրել են մի իրավիճակի, երբ ունենք Արցախի 75 տոկոսի կորուստ, հազարավոր զոհեր, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայություն։ Մենք տեսնում ենք, որ պարտվողական, զիջողական քաղաքականությունը այս իշխանությունները տանում են մինչև վերջ։
Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում եղել է այն վերջնակետը, որը ինձ ստիպել է դուրս գալ փողոց։ Ես չեմ կարող հանգիստ լինել, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ այո, կարող էինք կանխել, կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, բայց ունենալու էինք նույն վիճակը, առանց զոհերի։ Ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է նման բան ասել»,-ասաց պատգամավորը։
Վանեցյանն ասաց, անցած երկու օրվա ընթացքում ավելի քան երեք տասնյակ զոհերի, անհետ կորածների հարազատներ եկել են Ազատության հրապարակ, խոսել իր հետ, հիշեցրել են՝ նախկինում քննադատել են Վանեցյանին։
«Ասում են՝ մեզ ասել էին, որ ձեր բողոքի ակցիաներն են խանգարում մեր որդիներին գտնելու գործին»,-ասաց նա։
ԱԱԾ նախկին տնօրենը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը գնահատում է որպես ինքնախոստովանական ցուցմունք, նշում, որ դա բավարար հիմք է քրեական գործ հարուցելու համար. «Հավատացեք, ավելի մեղմ հայտարարությունների համար, որոնք չեն վերաբերում մարդկանց կյանքերին, երկրին, մարդկանց տանում են, ձերբակալում են ու դատում»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ զոհված զինծառայողների հարազատները Փաշինյանի այդ հայտարարությունից հետո հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։
Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։