Արցախում շատ մտահոգված են, քանի որ եթե առ այսօր Արցախի ձայնը միջազգային հանրությանը լսեի է դառել Հայաստանի իշխանությունների միջոցով, ապա այսօր ՀՀ իշխանությունները մանիպուլյատիվ կեղծիքի, ստի շնորհիվ փորձում են միջազգային հանրության անունից խոսել, NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։
«Իսկ դա ո՞ր միջազգային հանրությունն է, Նիկոլ Փաշինյանը պետք է փակագծեր բացի։ Եվ եթե միջազգային հանրություն ասելով նա նկատի ունի իր գործընկեր Թուրքիային և Ադրբեջանին, ապա մեզ չպետք է մտահոգի այդ միջազգային հանրության կարծիքը։ Արցախը իր դիրքորոշումը հայտնել է հանրաքվեի միջոցով, և այսօր Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն պարտավոր է տեր կանգնել արցախահայության ինքնորոշման հարցին»,– ասել է նա։
Պատգամավորը հավել է, որ Արցախը Նիկոլ Փաշինյանին տվել է մանդատ, որ միջազգային հարթակներում բարձրացնի Արցախի ինքնորոշման հարցը և առաջ տանի այդ գործընթացը, «այլ ոչ թե զրոյական կետից սկսի, ինչ–ինչ մեջբերումներ անի, ժամանակ առ ժամանակ խայտառակ հայտարարություններ անի, մեր մշակութային մայրաքաղաքը դժգույն անվանի»։
«Սա մտահոգիչ է, և եթե միջազգային հանրությունն իրեն պարտադրում է ինչ–որ բան, ապա մեր հանրությունը պետք է Նիկոլին պարտադրի, որ հետ կանգնի այդ կործանարար գործողություններից»,– ասել է նա՝ հավելելով, որ Արցախի կարգավիճակի մասին ԱԺ բարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած հայտարարությունն Արցախում կարող է խուճապ առաջացնել։
Ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարությանը, թե Արցախում սխալ են հասկացել Փաշինյանի հայտարարությունը, Դավիթ Գալստյանն ասաց, որ եթե այդպես են կարծում, ապա թող փորձեն պարզաբանել իրենց իրական նպատակը։
«Տեսանք, որ երկար նախադասություններ օգտագործելով, առանց մտքեր արտահայտելու, ինչ–որ բաներ էին փորձում պարզաբանել, բայց հանրությունը տեսավ, որ այդ հայտարարությունը հստակ էր։ Եվ եթե դա 120.000 արցախահայությունը, ըստ իրենց, սխալ է հասկացել, ապա ես կհակադարձեմ և կասեմ՝ Դուք սխալ եք արտահայտվել, մենք ճիշտ ենք հասկացել։ Եթե այդպես չի, ապա ճիշտ արտահայտվեք, որ ճիշտ հասկանանք»,– ասաց նա։