ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը նախատեսում են քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։
«Կքննարկվի նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները», – ասվում է հաղորդագրության մեջ։