Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում ձերբակալվել է Երևանի բնակիչ 27-ամյա Շանթ Բագրատյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս կասկածվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
Կայքի տեղեկություններով՝ Շ․ Բագրատյանը Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է, ով «ԷԿՕ ՕԻԼ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Նա հայտնաբերվել է եւ տեղափոխվել ոստիկանության Վայոց Ձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Այսօր Վայոց Ձորի քննչական վարչության քննիչը դիմելու է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի պատգամավորի որդու՝ Շ․ Բագրատյանի նկատմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ապրիլի 2-ին ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու ծեծի ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Վ. Ասատրյանին, ապա դիմել են փախուստի:
Գազալցակայանի տնօրեն Վ. Ասատրյանը հրաժարվել էր կատարվածի մասին հաղորդում տալուց: