Search
Close this search box.

Մեզ պակասում է ճշմարիտ և կենդանի Հարության հավատը. Արցախի թեմ

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի շնորհավորանքը Սուրբ Զատիկը նշող արցախցիներին.

«Ինչու՞ եք ողջին մեռածների մեջ փնտրում՝
այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ 24։5-6) ♰

Արցախի մեր սիրելի հավատավոր զավակներ,
Հրեշտակի արտասովոր և նախադեպը չունեցող այս հայտարարությունը դուրս է գալիս Փրկչի գերեզմանի անձուկ քարայրից և աներևակայելի զորությամբ տարածվում ամբողջ աշխարհով մեկ՝ դարերի ու հազարամյակների միջով։
Յուղաբեր կանանց տրված Հրեշտակի այս ավետիսով ուրախացած, բոլորով այսօր մեկտեղվել ենք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Հարության նախատոնակին, որ ավելի հայտնի է Ճրագալույց գեղեցիկ անունով։ Պահոց շրջանում կամավոր կերպով հանձն առած զրկանքներից և ապաշխարության ընթացքից հետո եկել և հասել ենք այն բաղձալի հանգրվանին, որ նախապես փափագում էինք բոլորով սրտիվ և բովանդակ մտավ։

Ինչպե՞ս են հիմա արձագանքում Հարության այդ լուրին մեր սրտերը։ Մենք հիմա խոսում ենք մահվան հանդեպ կյանքի տարած հաղթանակի մասին, իսկ երկու օր առաջ կանգնած էինք Խաչյալ Քրիստոսի առջև։ Քահանայապետները, զինվորները և ժողովուրդը Նրան հավասարապես մահվան դատապարտեցին, և Նա մեռավ։ Նրա կողից արյուն և ջուր հոսեց, հավատարիմ բարեկամները Նրան դրեցին սառը գերեզմանի մեջ, սակայն ոչ մի քար և կնիք արգելք չեղան Նրա կրկին գալստյանը, և Գողգոթայի արտասուքներին հետևեց հաղթության ուրախությունը, որովհետև «Արդարև յարեավ Տերը» (Ղուկ 24։34)
Հարության իրողության մեջ է թաքնված այն զորությունը, որը քրիստոնեությունը դարձրեց կենսունակ և ամբողջ աշխարհը ընդգրկելու կարողությամբ օժտված ճշմարտության ճանապարհ։

Եթե առաջին քրիստոնյաները հաստատապես հավատացած չլինեին Քրիստոսի Հարությանը, նրանք վաղուց կորած կլինեին, բայց հավատն առ Կենդանին մինչև այսօր նրանց կենադանի է պահել։ Այդ համոզման զորությամբ նրանք կարողացան ամբողջ մի հեթանոսական աշխարհ գլխիվայր շուռ տալ։ Ոչ միայն Քրիստոսի վարդապետությունը, այլ նաև Նրա՝ մահը և գերեզմանը խորտակելու զորությամբ լի էությունն էր, որ ձկնորս ու արհեստավոր աշակերտներին դարձրեց մինչև մահ հավատարիմ և սիրող Առաքյալներ։

Մեր ժողովուրդը առաջիններից մեկը զգաց Հարության իրական լինելը և ընդառաջ գնաց դրան ազգովի ու իր հետագա պատմության ընթացքին ցույց տվեց, որ դարձել է Հարուցյալ ժողովուրդ։ Բայց ցավոք հաճախ հավատարիմ չեղավ Հարուցյալի վարդապետությանը և երբ բազում կորուստներ ու զրկանքներ կրեց, այնժամ միայն հիշեց, որ իր մեջ թաքնված մի արտասովոր ուժ կա, ու նորից դիմեց այդ ուժին, ոտքի կանգնեց ու փրկվեց վերջնական կործանումից։ Մենք երբեմն ազգովի ենթարկվում ենք փորձությունների ու ցավի, ոչ թե նրա համար, որ հավատացինք Քրիստոսին և դա մեզ թուլացրեց, այլ որովհետև ճանաչեցինք Ճշմարտությունը, բայց հավատարիմ չգտնվեցինք դրան, չեղանք իսկապես քրիստոնյաներ, որովհետև մեր վրա գործեց ավետարանական այն ճշմարտությունը, թե․ «Ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվելու է»։ Եվ իսկապես, ի դեմս Քրիստոնեության, մենք ունենք հզոր մի զենք, որը եթե չենք օգտագործում, ոչ միայն մեզ չի օգնում, այլ դրանով դուռ ենք բացում մեզ վնասողների առաջ։

Մուտք գործելով քրիստոնեական մեծագույն տոնի՝ Հարության տոնախմբման մեջ, հարց է առաջանում․ ի՞նչ է պակասում այսօր մեզ․ մեզ պակասում է նորից ճշմարիտ և կենդանի Հարության հավատը։ Ի լուր բոլորի հայտարարելով Քրիստոսի Հրաշափառ Հարության մասին, էական ոչինչ էլ չենք փոխում։ Այս լուրը այսօր բազմաթիվ եկեղեցիների խորաններից լսվում է, բայց այն ինչ մի անգամ պատահել է, մեզ համար պետք է նորից կենդանի իրողություն դառնա։ Մեր հավատքի և հայրենիքի համար դժվարություններ կրելու և պայքարելու կամք է պետք, որպեսզի դրանից հետո Հարություն առնենք, որովհետև փառքի ճանապարհը անցնում է Խաչի ճանապարհով։
Հարության այս ուրախարար տոնին զուգահեռ բազում են ինչուները, որ ծնվում են մեր ժողովրդի ցավատանջ սրտերում, հայրենազուրկ մեր հայրենակիցների, որդեկորույս մայրերի, անհայտութան և գերության մատնված մեր զավակների հարազատների և մեզ բոլորիս մոտ․ Ի՞նչու եղան այս կորուստները, ի՞նչ օգուտ ունեցավ մեր այսքան ջերմեռանդ աղոթելը, ինչու՞ չարագործները հաղթեցին և ոտնակոխ արեցին ամեն մի սրբություն, Ինչու՞ էր Քրիստոս սովորեցնում և քարոզում մաքուր սիրտ և խիղճ ունենալ, եթե հիմա այդպիսնները բազում տառապանքների մեջ են։ Այո, այսպիսի արդար հարցադրումներ առաջանում են մեր մեջ հատկապես վերջին երկու տարիներին, և երբեմն լինում են այնպիսի պահեր, երբ մեր հավատը բոլորովին թուլանում է, և մեր սիրտը պատում է մի անտանելի ցավ և տխրություն։
Մենք պետք է մեզ վրա եկած նեղություններից իսպառ չկոտրվենք, սիրտ առնենք, հավատարիմ մնանք, հաստատ ու անսասան պահենք մեր հավատը մեր Ստեղծողի հանդեպ նաև մեր նեղության և թշվառության ժամերին, ինչպես որ հավատում էր Խաչի վրա տառապող Քրիստոս։ Աստված մեզ չի թողնի, եթե մենք Նրան չթողնենք, և եթե անգամ թվա թե ամեն ինչ կորցրել ենք, ապա պետք է հիշենք Հոբին, ով բացարձակապես կորցրեց ամեն ինչ՝ բացի Աստծու հանդեպ իր հավատարմությունը, ու երբեք չմեղադրեց Աստծուն իր կորուստների համար։ Արդյունքում ստացավ ավելին քան ուներ նախկինում։
Այսօր էլ մեր թշնամիները, չարի ձեռքին գործիք դարձած, խաչի վրա գամելով մեր ազգի ձեռքերն ու ոտքերը՝ Արցախ աշխարհը, չարախնդում են, թե կարողացան սպանել ճշմարտությունը։ Բայց ինչպես չարի ծրագրերի մեջ չկար Հարության հրաշալի իրողությունը, նույնպես և մեր թշնամին չի տեսնում մեր ազգի ապրելու և հարություն առնելու ներուժը։ Իսկ այդ ներուժը արթնացնելու մի ճանապարհ կա․ Քրիստոսով վերամիավորում և նորոգում՝ որպես Երկնավոր Հոր որդեգիրներ։
Ուստի, անկեղծ սրտով բարիք գործելու և դրանով Աստծուն լիարժեք որդեգրման մեջ է մեր ազգի փրկության բանալին, որովհետև Աստված իր որդիներին է մշտապես ցույց տալիս ամեն ցավից ու տխրությունից այն կողմ գտնվող Հարության լույսը։
Ուստի Համազգային միասնության, տոկունության, Աստծուն և հայրենի պետականության հավատարիմ մնալու կոչով և Հարության հույսով կրկին ազդարարում ենք․
♰ Քրիստոս Հարեա՜վ ի մեռելոց,
Ձեզ և մեզ մեծ ավետիս ♰

Please enter a valid URL