Search
Close this search box.

Ինչո՞ւ են հիշել Տեր- Պետրոսյանին և ինչ կապ ունի Փաշինյանի վերջին երկու հուսահատ ելույթը

Ինչո՞ւ են հիշել Տեր- Պետրոսյանին կամ` ի՞նչ է պետք խաղաղության օրակարգի համար,- գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը․

Երկու խմբեր ակնհայտ մանիպուլյատիվ հնարքներով փորձում են զուգահեռներ անցկացնել Լևոն Տեր-Պետրոսյանի հիրավի պատմական “Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու” պահը հոդվածի ու Նիկոլ Փաշինյանի վերջին երկու հուսահատ ելույթների միջեւ։

Առաջին խումբը` Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են:
Նրանց նպատակն ակնհայտ է` փորձում են քողարկել 2018-20թթ-ի իրենց արկածախնդրությունը, ինչի հետեւանքով չեղարկվեց արժանապատիվ խաղաղությանը հասնելու վերջին հնարավորությունը` ճանապարհ բացելով մահաբեր պատերազմի համար, ինչի հետեւանքով ունեցանք հազարավոր զոհեր, Հայաստանի ինքնիշխանության էական սահմանափակում ու Արցախի սուբեկտության գրեթե ամբողջական ոչնչացում։ Պատահական չէ, որ այսօր Հայաստանը խաղաղության գործընթացի գնում է` թուլացած դիրքերից, առանց օրակարգի, ըստ էության` օտար օրակարգով, մնալով բացառապես միջազգային հանրության ողորմածությանը։

Երկրորդ խումբը` Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն են։
Նրանց նպատակը նույնպես ակնհայտ է` արդարացնել 1998-ի պետական հեղաշրջումը ու “գաղափարական” հիմքեր ստեղծել ԼՂ խնդրի շահարկմամբ` նոր հեղաշրջում կազմակերպելու համար։ Պատահական չէ, որ այս խումբը քաղաքական այլընտրանք չի առաջարկում ու գնում է 1998-ի սցենարը կրկնելու պրիմիտիվ ճանապարհով` փորձելով Արցախի իշխանություններին դարձնել Հայաստանի ներքաղաքական հակադրության կողմ։

1998-ի պետական հեղաշրջումը, Արցախի դուրսմղումը բանակցային գործընթացից ու կարգավորման գործընթացի խեղաթյուրումը, 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, հայ- թուրքական դիալոգի տապալումը Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին, 1998-2018թթ-ին` ԼՂ խնդրում որդեգրված ստատուս- քվոն պահպանելու անհեռատես քաղաքականությունը(այն իրականում չէր պահպանվում․ Հայաստանի ու Ադրբեջանի զարգացման բալանսը փոխվում էր՝ ի վնաս մեզ), 2018-2020թթ-ի “ոչմիթիզականությունը”, որը նախորդ երկու տասնամյակի քաղաքականության շարունակությունն էր, 2016-ի Քառօրյա ու հատկապես` 2020-ի 44-օրյա մահաբեր պատերազմները` էապես սահմանափակել են Հայաստանի սուվերենության ռեսուրսները, մանևրելու պոտենցիալը, հարեւանների հետ ավելի բարենպաստ պայմաններով խաղաղության հասնելու հնարավորությունները։ Դրա հիմնական պատասխանատուներն են` Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը։
Ամփոփում.

Երկու խմբերն էլ անկեղծ չեն իրենց մղումներում և առաջնորդվում են իշխանությունը պահելու կամ իշխանությունը վերադարձնելու մոլուցքով

Խաղաղության օրակարգը, մեծ հաշվով, այլընտրանք չունի, որովհետև, ինչպես նախկինում, այնպես էլ` հիմա, ժամանակը մեր օգտին չի աշխատում։
Բայց խաղաղությանն գործընթացում հաջողելու համար` անհրաժեշտ է.
— նոր որակի իշխանություն, որն ունակ է ձևակերպել Հայաստանի զարգացման տեսլականը` համաշխարհային զարգացման համատեքստում։
— խաղաղության օրակարգի շուրջ քաղաքական ու հանրային կոնսոլիդացիայի ապահովում։
— ԼՂ-ի ու նրա ժողովրդի համար միջազգային այնպիսի անվտանգային երաշխիքների ապահովում, որն առնվազն կերաշխավորի Արցախի ժողովրդի քաղաքական ինքնավարությունը, Արցախի հայկականությունը։
— գիտակցում, որ առանց ԼՂ խնդրի կարգավորման, հայ- թուրքական ու հայ- ադրբեջանական հարաբերությունների բարելավման` Հայաստանը երբեք չի կարող լինել իրապես ինքնիշխան երկիր։

Please enter a valid URL