Իրադարձություններն արագանում են՝ նախօրեին ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չէին տվել մտնեն Արցախ, ապա ՀՀ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ եւ հստակ հայտարարեց, որ Ադրբեջանի հետ կնքելու են խաղաղության պայմանագիր, եւ կնքելու են Ադրբեջանի թելադրած պայմաններով։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
«Նաեւ երեկվա ու այսօրվա ելույթներում հստակ զգացվում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի վախը պատերազմից եւ իր համար անցանկալի այլ զարգացումներից։ Արցախի նախագահն է այս օրերին հանդիպումներ ունենում, իսկ երեկ մի հանդիպման ժամանակ ասել է, որ ռուսները չեն հեռանալու Արցախից եւ Արցախը պահելու է դե-ֆակտո անկախությունը եւ փորձելու է հասնել դե-յուրե որեւէ կարգավիճակի, որը կարող է լինել Ռուսաստանի հետ զուգահեռ հարաբերությունների մի տարբերակ։
Այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ երեկ Արցախ է շտապել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ ընդդիմադիրները Երեւան վերադառնալու ճանապարհին դեմ-դիմաց բախվել են նրա մեքենայի հետ եւ տեսել են, թե ինչպես է նա հատում Արցախի սահմանը։ Մենք ընդամենը կարող ենք ենթադրություններ անել․ կամ՝ Նիկոլ Փաշինյանը բանագնաց է ուղարկել Արցախ, որպեսզի նա տեղում ուսումնասիրի իրավիճակն ու զեկուցի իրեն, կամ՝ ԱԱԾ տնօրենը մեկնել է Արցախում որոշակի գործողություններ իրականացնելու նպատակով, կամ էլ հնարավոր է՝ գնացել է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ հանդիպելու համար»,- գրում է «Հրապարակ»-ը։