Ընդդիմադիր պատգամավորներին այդպես էլ թույլ չեն տվել մտնել Արցախ, նրանք Սյունիքից վերադառնում են Երևան:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել էին ԱԺ քառօրյան և պատրաստվում էին մեկնել Արցախ, սակայն ընդդիմադիր պատգամավորները չեն կարողացել անցնել Լաչինի անցակետը,քանի որ ռուս խաղաղապահները նրանց թույլ չէին տվել մուտք գործել Արցախ:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը նշեց, որ թեև Արցախ չեն կարողացել մուտք գործել, բայց Աղավնոյի անցակետում հանդիպել են Արցախի ԱԺ 5 խմբակցությունների ղեկավարների և փոխնախագահի հետ, այնուհետև ընդդիմադիր պատգամավորները բաժանվել են խմբերի և մեկնել Սյունիքի տարբեր համայնքներ.
«Ես արդեն վերադարձել եմ Երևան, մեր մյուս երկու խմբերը Սյունիքում են, ըստ երևույթին, եթե պլանները չփոխվեն, նրանք էլ կվերադառնան այսօր երեկոյան»,-ասաց Հակոբյանը:
Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համար տարակուսելի է՝ ինչու՞ են ռուս խաղաղապահները սահմանափակել ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ, Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ ռուս խաղաղապահները հայ պատգամավորների մուտքը արգելել են՝ Արցախում սադրանքները կանխելու նպատակով:
Մեզ հետ զրույցում Վահե Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ռուս խաղաղապահներին Արցախ մեկնող ընդդիմադիր պատգամավորների ցուցակը տվել է հենց Հայաստանի իշխանությունը, որպեսզի նրանց մուտքն արգելվի.
«Մենք ռուս խաղաղապահներից և նրանց ղեկավարությունից անպայման հարցնելու ենք՝ ինչի՞ հիման վրա երեկ չթողեցին մտնենք Արցախ, բայց առաջին հարցը պետք է տանք Նիկոլ Փաշինյանին: Նա և իրենց վնգստացող պատգամավորներն այսօր 180 աստիճան փոխված քաղաքականություն ցուցաբերեցին: Փաշինյանն ասում է, թե անհասկանալի է ինչի հիման վրա թույլ չեն տվել, բա ցուցակները ո՞նց հայտնվեց խաղաղապահների մոտ: Այնտեղ, որքան հասկացա, միայն պատգամավորներ չէին, 100-հոգանոց ցուցակ էր, որտեղ հիմնականում մենք էինք, մանրամասն անուն ,ազգանուն , ծննդյան թիվ էին ճշտում, ուժեղացված հսկողություն էր Սյունիքից դեպի Արցախ անցակետում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը.
Վահե Հակոբյանի խոսքով՝ Արցախցի պատգամավորների համար եւս այս ամենը զարմանալի էր․
«Իրենք էլ մեզ նման, մեզանից առավել զարմացած էին, իրենք էլ տեղյակ չէին ոչնչից, ցուցակը ինչ-որ կախարդական ձևով հայտնվել էր ռուս խաղաղապահների մոտ, ես համոզած եմ, որ հայկական կողմն է փոխանցել»,-ասաց նա:
Վահե Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ իրենց մուտքն Արցախ արգելելը Փաշինյանը և Ալիևը ուղիղ կապի արդյունք է.
«Ես մինչև Արցախ հասնելն ասել եմ, եթե խոչընդոտ լինի մեր ճանապարհին, դա կնշանակի, որ Փաշինյանը և Ալիևը ուղիղ կապ են հաստատում և իրար տեղեկություններ են տալիս, իրար հետ աշխատում են , ինչը երկու ժամ հետո հաստատվեց, ցանկացած սցենար մենք ունեինք աչքներիս տակ»,-ասաց Հակոբյանը: