Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Բրյուսելում ունեցած հանդիպման վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց ԱԺ-ում ունեցած ելույթում:
«Այո, ես համաձայնություն եմ տվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները: Ինչ է սա նշանակում գործնականում, ինչ ժամանակացույց, ինչ ձեւաչափ՝ դա դեռ պիտի քննարկվի եւ որոշվի: Բայց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է արագ, այո, մտնում է մեր պլանների մեջ: Բայց պիտի ասեմ, որ այստեղ էլ իլյուզիաներ չունենք, որովհետեւ չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի եւ Արցախի դեմ նոր ագրեսիայի, ագրեսիվ գործողությունների առիթ: Նույն հաշվարկը մենք ունենք, ի դեպ, նաեւ դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, որովհետեւ չենք բացառում, որ Ադրբեջանը այդ գործընթացը օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձեւակերպելու համար, դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ հասկանալով եւ հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները՝ եկել են այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը եւ գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլ ավելի է սրում ռիսկերը:
«Այս է պատճառը, որ մենք նաեւ դելիմիտացիայի հարցում ենք Բրյուսելում եկել համաձայնության՝ մինչեւ ապրիլի վերջը ստեղծել դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով, եւ սկսել աշխատանքները: Ո՞րն է այս հարցում մեր մարտավարությունը: Ճշտել սահմանների հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրել այդ նույն հարցում Հայաստանի դիրքորոշումները, մեր դիրքորոշումներում լինել մաքսիմալ լեգիտիմ, այսինքն՝ սահմանի ճշգրտման հարցում օգտագործել միայն դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ, այդ լեգիտիմության ճանաչումը ստանալ միջազգային հանրության շրջանում եւ այս հենքի վրա հասնել համաձայնության Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաբերյալ:
Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է դելիմիտացիայի գործընթացում հիմնվել Հայաստանի Հանրապետության տարածքի ճշգրտման համար դե յուրե նշանակություն ունեցող փաստերի եւ ոչ թե ցանկությունների կամ զրույցների վրա, որովհետեւ վերեւում արդեն նշեցի՝ նման գործելակերպի վտանգների մասին»,- ասաց Փաշինյանը: