Սյունիքի մարզի Խնածախ գյուղը 2021թ․ մայիսից շրջապատված է թշնամական դիրքերով։ Գյուղի միայն արևմտյան կողմից է, որ թշնամու դիրքերը չեն երևում։
«Ադրբեջանական դիրքերից մեկն իմ տնից ուղիղ գծով 150-200 մետր է հեռու։ Նրանց զինծառայողների ամեն մի շարժը մեր տան բակում նստած՝ տեսնում եմ։ Ճիշտ է, հանգիստ է, կրակոցներ չկան, բայց գյուղի մերձակա բոլոր բարձունքներին նրանք են»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Խնածախի նախկին գյուղապետ Կարո Թավադյանը։
Գյուղացիների հույսն ու ապավենը մեր զինծառայողներն են, որ թշնամու դեմ դիմաց հաստատուն կանգնած են։ Նրա փոխանցմամբ՝ թշնամու զինվորները թվաքանակով գերակշռում են, բայց մեր տղաների բազկի ուժին գյուղացիներն ապավինում են, դրա համար էլ անելանելի պայմաններում շարունակում են ապրել Խնածախում։
Գյուղի արոտավայրերն անմիջապես, այսպես կոչված, սահմանային գծի երկայնքով են տեղաբաշխված, եւ երբեմն անասուններն անցնում են թշնամու կողմը։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ նման դեպքեր եղել են ու հիմա եւս լինում են, բայց գյուղացիները շարունակում են կով էլ պահել, ոչխար էլ։ «Ճար չկա, եթե այստեղ ենք ապրում, պիտի յոլա տանենք։ Ոչխարների գլխաքանակն ահագին կրճատվել է, բայց կով պահում ենք։ Գոնե մեկ-երկու կով պետք է պահենք, հող մշակենք, որ կարողանանք ապրել»,-ասել է Թավադյանը։
Նախկինում այս սեզոնին Խնածախում արոտավայրերը լեցուն էին անասուններով, հիմա հատուկենտ են։ Թավադյանը լիահույս է, որ գոնե խոշոր եղջերավորներին կկարողանան արոտի տանել, թշնամու դիրքերից համեմատաբար հեռու գտնվող դաշտերն էլ մշակել։
Գյուղի նախկին ղեկավարը վերահաստատում է՝ սահմանամերձ Խնածախում, բառի բուն իմաստով, ամեն օր կյանքի համար կռիվ են տալիս գյուղացիները։