Search
Close this search box.

Կարգելվի կանխիկ եղանակով խաղադրույք կատարելը. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որն առաջարկում է արգելել կանխիկ եղանակով, այդ թվում՝ վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների իրականացումը, օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց կարգելվի նաև խաղադրույքների իրականացումը էլեկտրոնային դրամապանակների միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Գևորգ Պապոյանը:

Նա հիշեցրեց՝ կառավարության նպատակներից է շարունակաբար և հետևողականորեն պայքարել խաղամոլության դեմ: «Նախագծի հիմնական թիրախը այն քաղաքացիներն են, որոնք գտնվում են սոցիալապես խոցելի վիճակում, բայց միևնույն ժամանակ խաղաղամոլություն ունեն, որի հետևանքով նրանց և նրանց ընտանիքների սոցիալական վիճակը շարունակաբար էլ ավելի է վատանում: Նախագծով որոշակի սահմանափակումներ են իրականացնում»,-ասաց Պապոյանը:

Ներկայում Հայաստանում խաղադրույքներ հնարավոր է իրականացնել երեք եղանակով՝ կանխիկով, էլեկտրոնային փողով և անկանխիկ, այսինքն՝ բանկային հաշիվների միջոցով:

«Եթե օրենքն ուժի մեջ մտնի, կանխիկ եղանակը դուրս կգա: Այնուհետև 6 ամիս հետո դուրս կգա նաև էլեկտրոնային փողով վճարելու եղանակը: Եվ մնում է միայն բանկային հաշվով, այսինքն՝ միայն անկանխիկ եղանակով խաղադրույք իրականացնելու հնարավորությունը: Այսինքն` օրենքն ընդունելուց հետո բուքմեյքերական հաշիվները հնարավոր է լինելու լիցքավորել միայն էլեկտրոնային փողի հաշվից կամ բանկային հաշվից, իսկ 6 ամիս հետո՝ միայն բանկային հաշվից»,-ասաց պատգամավորը:

Պապոյանը նկատեց, որ այսօր մի շարք քաղաքացիներ բանկային հաշիվներ չունեն և չեն էլ ուզում ունենալ: Պատգամավորը նշեց, որ հաճախ քաղաքացիները պարտվում են այն գումարները, որոնք մեծ դժվարությամբ են աշխատում: Ըստ նրա՝ փոփոխության արդյունքում էականորեն սահմանափակում են քաղաքացիների անարգել, հեշտ խաղալու հնարավորությունները: Պատգամավորը կոչ է անում այդ գումարները ծախսել ընտանիքների սոցիալական բարեկեցության, կրթության և այլ հարցերի ուղղությամբ:

Ըստ նրա՝ խաղադրույքների շրջանառությունն անընդհատ փոխվում է: «Եթե մի քանի ամիս առաջ մեկ այլ օրենքի քննարկման ժամանակ այստեղ ասում էինք, որ Հանրապետությունում շրջանառվող խաղադրույքների գումարը 3.2 տրլն դրամ է, ապա մոտ մեկ շաբաթ առաջվա տվյալներով դարձել է 3.9 տրլն դրամ»,-ասաց պատգամավորը:

ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանն էլ հավելեց՝ այս պահին այդ աղետը կանխելու բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործեն: Նա հետաքրքրվեց, թե արդյոք կարո՞ղ են «ապառիկ» խաղադրույքն արգելել, երբ երիտասարդները, պատանիները խաղադրույք են կատարում՝ հետո վճարելու պայմանով, ինչը հաճախ բերում է ողբերգության, տներ են վաճառում անգամ:

Պապոյանն էլ ասաց, որ օրենքի նախագիծը էականորեն կսահմանափակի նաև նման իրավիճակների ի հայտ գալը: «Բուքմեյքերական հաշիվ ունենալու համար չափահաս լինելը պարտադիր է, բանկային հաշիվ ունենալու համար ևս կա տարիքային շեմ: Հետևաբար, անչափահասների մասնակցությունը հնարավոր չի լինում»,-ասաց պատգամավորը:

Please enter a valid URL