Անցյալ տարի Օձուն գյուղում օրը ցերեկով 34-ամյա տղամարդ էին սպանել՝ Աշխարհիկ Ջանոյանին: Երիտասարդը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին: Դիակի արտաքին զննությամբ գլխի եւ որովայնի շրջաններում իրավապահները հրազենային բազմաթիվ վնասվածքներ էին արձանագրել:
«Սպանություն» հոդվածով քրեական գործ էր հարուցվել, եւ կար կասկածյալ, որը կատարել էր, ըստ իրավապահների, դիտավորյալ սպանություն ու դիմել փախուստի: Նրան հայտնաբերելու համար հետախուզում էր հայտարարվել:
«Հրապարակը» լուր ստացավ Օձունից, որ Աշխարհիկին սպանողը օրերս բռնվել է: Քննչական կոմիտեից լուրը հաստատեցին: ՔԿ խոսնակ Վարդան Թադեւոսյանը հայտնեց, որ մարտի 15-ին ԱԱԾ-ն հայտնաբերել է Աշոտ Մակիչյանին, որը ներկայումս կալանավորված է եւ մեղադրվում է անցյալ տարվա մարտի 20-ին տեղի ունեցած սպանության համար:
ՔԿ-ից հայտնեցին նաեւ, որ Աշոտ Մակիչյանը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքում եւ այնտեղից է բերման ենթարկվել: «Նրա մոտ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, նռնակ ու թմրամիջոց»,- նշում է ՔԿ խոսնակը:
Աշոտ Մակիչյանը նույնպես Օձունի բնակիչ է, Աշխարհիկ Ջանոյանի հասակակիցն է: «Նրանք համարյա հասակակիցներ էին: Երկուսն էլ՝ մեր գյուղից»,- ասում է Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը: Հարցին, թե ինչն է եղել սպանության պատճառը, նա որոշակի պատասխան չտվեց. «Դե, վեճ է եղել, չգիտե՞ք, թե ոնց է լինում: Մի հիմարության պատճառով խոսք ու կռիվ է լինում, ու, խնդրեմ, նման վատ բաներ»: Մեր տեղեկություններով, Աշոտ Մակիչյանն առնչություն ունի Լոռիում հայտնի Արման անունով քրեական հեղինակության հետ, նրա «ներկայացուցիչն» է եւ օգտվում է նրա հովանավորությունից: Իսկ վեճի հիմքում, որը ողբերգական ավարտ է ունեցել, գումարային պահանջն է եղել: «Հեղինակությունից փող էին ուզել»,- ասում է տեղեկացված անձը:
Մենք պարզեցինք, որ Աշոտ Սասունի Մակիչյանը դատվածություն ունի: 2017 թվականին նա դանակահարել ու դաժանաբար ծեծի է ենթարկել իր 2 համագուղացիներին, սակայն նրա հանդեպ մեղմ են վարվել՝ նախաքննության ընթացքում կալանքից ազատվել է գրավով, ապա՝ 2020 թվականին, դատարանն է նրա համար թեթեւ պատիժ ընտրել՝ 4 տարվա ազատազրկում, ապա համաներմամբ ազատ է արձակվել: