Տավուշի փոխմարզպետը հրաժարվեց մանրամասնել, թե որոնք են հայկական վերահսկողության տակ գտնվող «ադրբեջանական տարածքները»։
«Նախ ես հեռախոսով նման բաների չեմ պատասխանում, երկրորդը՝ ճիշտ չեմ գտնում դրա մասին խոսելը», — 24News-ին ասաց Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հինգշաբթի օրն արած հայտարարությանը։
Ապրիլի 7-ին կառավարության նիստի ժամանակ, Փաշինյանը, անդրադառնալով նախօրեին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնած եռակողմ բանակցություններին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, անդրադարձել էր մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմլիմիտացիայի հարցերով ստեղծվելիք երկկողմ հանձնաժողովին։ «Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ, առաջինը՝ բուն դելիմիատացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը»։
Փաշինյանը նաև ասել էր, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և «կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են»։ «Եվ այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյուքներով, բնականաբար դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա», — նշել էր նա։
2021 թվականի մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» [այն ժամանակ «Իմ քայլը»] խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ (2018-19) Վահե Ղալումյանը, ով ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրն է, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Տավուշում կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են հայկական տիրապետության տակ, և կան տարածքներ, որոնք ադրբեջանական հսկողության տակ են: «Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար [գյուղերը]․ քարտեզով ադրբեջանական տարածք է նշված», — ասել էր նա։
Հարցին՝ վերոնշյալ գյուղե՞րն են համարվում ադրբեջանական, Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։
Իսկ ո՞վ է կարող հարցին պատասխանել։ «Ինչպես վարչապետը հայտարարել է՝ երբ որ դրա ժամանակը կգա, արդեն պարզ կլինի՝ ինչպե՞ս է այդ հարցը լուծվում։ Եթե մեզ եք հարցնում, մենք բնականաբար գիտենք մեր դիրքորոշումը», — ասաց Նարեկ Ղուշչյանը։