Երեկվանից ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, Արցախի Հանրապետության կառավարության նիստում հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ նման նախադեպ եղել է նախկինում նաև Եղծահողում, Մատաղիսի, Թաղավարդի հատվածում. «Լարված շփման գծի տարածքներում, որտեղ մենք հետագայում մեր դիրքերը փոխարինել են խաղաղապահ ուժերով, որոշակի կայունություն և ավելի հանգիստ իրավիճակ ենք ունենում։ Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ դիրքերը չպետք է լինեն ոչ մեր կողմից, ոչ Ադրբեջանի, քանի որ խաղաղապահների քանակը բավարար չէ ամբողջ երկայնքով իրականացնելուն, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են ոչ միայն տեղակայվել, այլ մշտապես կրակի տակ պահել մեր շփման գիծը և դրա հարևանությամբ գտնվող բնակավայրերը՝ կանխելու առաջխաղացումը և վտանգները, մենք շարունակում ենք իրականացնել մարտական հերթապաեւություն»,- նշել է Արայիկ Հարությունյանը։
Նա ասել է, որ Փառուխում տեղակայված են խաղաղապահ ուժերը, Քարագլխի մի քանի բարձունքներում, ամենաբարձր կետում տեղակայված են ՊԲ ստորաբաժանումները, կամավորականները, նաև ԱԱԾ ստորաբաժանումները. «Լեռնաշղթայի որոշ բարձունքներում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ, և արդեն երեկվանից նաև ռուս խաղաղապահները գտնվում են Քարագլխի հատվածում»։