SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 30-ամյա Սահակ Սահակյանի նկատմամբ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ս․ Սահակյանը կալանավորվել է։
Ս․ Սահակյանը միջազգային մրցույթների հաղթող է, բազմաթիվ մրցույթներում ներկայացրել է Հայաստանը, և նրա շնորհիվ աշխարհի շատ երկրներ տեղեկացել են այդ մասին։ Հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ն իր ընթերցողներից նամակներ էր ստանում, ովքեր խնդրում էին, որպեսզի մանրամասնենք, թե ինչ միջազգային մրցույթների մասին է խոսքը։ Բազմաթիվ ընթերցողներ էլ գրում էին, որ եթե ծանոթանաք նրա կենսագրությանն ու գործունեությանը, կհամոզվեք, որ նա պակաս հայրենասեր չէ։ Պարզապես կրակոցներից առաջ ինչ-որ մարդիկ, ովքեր ըստ տեղեկությունների՝ ինչ-որ ընկերության անվտանգության աշխատակիցներ են, Ս․ Սահակյանի, նրա կնոջ և անչափահաս երեխայի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, անգամ կնոջ ներկայությամբ ծաղրել են ամուսնուն, ու ժողովրդի լեզվով ասած՝ «դավադիդ են արել»։
Դեպքից հետո Ս․ Սահակյանը ինքնակամ գնացել է ոստիկանություն, ներկայացրել է նաև ատրճանակը։ Սահակ Սահակյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Բազմիցս Հայաստանը ներկայացրել է միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում։ 2015-16թթ հիմնադրել է «Բումթեք» ՍՊ ընկերությունը, որը ներկայում ունի շուրջ 20 աշխատակից։ Դրսևորել է բարձր սոցիալական պատասխանատվություն։ Համագործակցել է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությամբ զբաղվող «Էխո» հ/կ-ի հետ՝ ֆինանսական միջոցներ տրամադրել լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար լսողական սարքեր ձեռք բերելու համար։ Արցախյան 44-օրյա պատերազմին «Բումթեք» ընկերության հաշվեհամարից «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին է փոխանցվել 30.000 ԱՄՆ դոլար (20․000+10․000):
Պատերազմի օրերին, տարբեր անհատների և կազմակերպությունների հետ ակտիվորեն մասնակցել է տարբեր նախաձեռնությունների՝ նվիրաբերելով շուրջ 20 միլիոն դրամ։ Անձնական նախաձեռնությամբ ձեռք է բերել 110 հազար ՌԴ ռուբլի արժողությամբ գիշերային հատուկ տեսադիտարկման սարք, որը ներկայումս համալրում է ՀՀ ԶՈՒ N զորամասի զինանոցը, ձեռք է բերել շուրջ 3 միլիոն դրամի էլեկտրաարտադրող բենզինային գեներատորներ և ուղարկել առաջնագիծ։ Աջակցում է Խարբերդի և Այնթապի ֆուտբոլային «BoomFoot» մանկապատանեկան թիմին։ Շուրջ 40 երեխայի համար ձեռք է բերել ֆուտբոլային ամենօրյա և մրցութային մարզահագուստ, գնդակներ, մարզական գույք, հոգացել է մարզադաշտի վերանորոգման ծախսերը, մրցույթներին մասնակցելու ճանապարհային ծախսերը, վճարել մարզիչների աշխատավարձը։