Search
Close this search box.

ՌԴ ԱԳ նախարարն արդարացնում է Բաքվին

Մամուլի ու փորձագետների տեսակետները, որ Արցախի Ասկերանի շրջանի Քարագլխի շրջանում տեղի է ունեցել շրջադարձային իրադարձություն, հաստատվում են։ Ըստ էության, եռակողմ հայտարարության խախտումից բացի, բոլորի համար տեսանելի բացահայտվել է հայկական տարածքների օտարման մեխանիզմը, ինչի վկայությունը Երեւանի, Բաքվի ու Մոսկվայի պատասխանատուների միջեւ ծավալված «բանավեճն» է։

ՀՀ իշխանության վարկածով, որը հաստատվում է այլ աղբյուրներով, եռակողմ պայմանավորվածություն է եղել հայելային հետքաշման մասին, սակայն ռուսական զորախմբի թողտվությամբ ադրբեջանցիները վերադարձել են եւ զբաղեցրել նոր դիրքեր։ Երեւանը պնդում է միջադեպի հետաքննություն եւ շարունակում պահանջել զորքերի հետքաշում ելման դիրքեր։

Բաքուն պնդում է, որ Փառուխի եւ Քարագլխի շրջանի հանձնման հարցը քննարկել ու համաձայնեցրել է ռուսական կողմի հետ։ Ռուսական կողմը չի հերքել Բաքվի այս հայտարարությունը։

ՌԴ ՊՆ-ն Փառուխում տեղի ունեցածի կապակցությամբ արձանագրեց, որ ադրբեջանական կողմը խախտել է եռակողմ հայտարարությունը եւ պետք է հետ քաշվի ելման դիրքեր։ Սակայն ՌԴ ՊՆ հետագա հայտարարություններում այս պահանջը մոռացության տրվեց։ Փոխարենը ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ արեց պահպանել եռոկողմ պայմանավորվածությունները։ Եվ ահա, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր անդրադարձել է այդ խնդրին։

Մեջբերում նրա հայտարարությունից․ «Միջադեպի հենց սկզբից՝ մարտի 24-ին, մենք հայտարարել ենք, որ մեր խաղաղապահ ստորաբաժանումը տեղում զբաղված է բոլոր հանգամանքները պարզելով։ Այնտեղ մեզ համար այդ հանգամանքերը մինչև վերջ պարզ չեն։ Եվ ես չէի ուզենա առաջ անցնել և վերջնական եզրակացություններ անել։ Մենք համոզված ենք, որ մեր հայ գործընկերները լիարժեք վստահում են ռուսական խաղաղապահ ստորաբաժանմանը, և երբեմն հնչող այսպիսի կոչերը՝ խաղաղապահներին պատասխանատվության կանչելու և ծառայողական քննություն իրականացնելու մասին, չեն արտացոլում Հայաստանի բնակչության ու ղեկավարութան իրական վերաբերմունքը այն հսկայական դերին, որն ունեն ռուս խաղաղապահները այս տարածաշրջանում կայունություն ապահովելու տեսակետից։ Այո, ոչ մեծ միջադեպեր լինում են, և կոնկրետ այս դեպքով փորձում ենք հասկանալ հանգամանքները։ Այնտեղ կան բաներ, որոնք պարզաբանման կարիք ունեն»։

Մի բան համենայնդեպս պարզ է՝ Բաքուն խախտել է եռակողմ հայտարարությունը, որն արձանագրել է ՌԴ ՊՆ-ն։ Միեւնույն ժամանակ, ՌԴ ՊՆ-ն գործում է եռակողմ հայտարարության շրջանակում եւ պարտավոր է պահպանել դրա դրույթները, անկախ «հանգամանքները պարզելուց»։ Սակայն Բաքվի զորքերը մինչ օրս ելման դիրքերում չեն։ Դատելով Լավրովի հայտարարությունից, Մոսկվան չի պնդում։ Մոսկվան չի դատապարտում Բաքվի խախտումը եւ «փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվել», այսինքն՝ փորձում է եռակողմ հայտարարության խախտման մեղքը հանել Բաքվի վրայից, եւ հեռու չէ այն օրը, երբ մեղքը կդրվի բացառապես հայկական կողմի վրա, ինչպես միշտ։

Համակերպվեք եւ պահանջներ մի դրեք, փաստացի ասում է Լավրովը եւ սպառնում «ռուս խաղաղապահների հսկայական դերով»՝ կարող է ավելի վատ լինել։

Եռակողմ հայտարարությունը չի գործում, այն ըստ էության դադարել է գործել Պուտին-Ալիեւ ռազմավարական գործակցության հռչակագրի ստորագրումից ի վեր, եւ Քարագլուխը դրա արդյունքն է։

lragir.am

Please enter a valid URL