Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում այսօր անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հետագա գործունեության մասին հարցերին։
«Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի եռանախագահության հետագա ճակատագիրը, որովհետև այդ խմբում մեր ֆրանսիացի և ամերիկացի, այսպես կոչված, գործընկերները, ձգտելով չեղարկել այն ամենը, ինչը կապված է Ռուսաստանի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն ուզում մեզ հետ հարաբերվել այդ ձևաչափով։ Դա իրենց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղում և ընդհանուր Կովկասում կարգավորումը, եթե նրանք տվյալ դեպքում պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, դա իրենց ընտրությունն է։ Նրանց առաջնահերթությունների թվում է ոչ միայն այս կոնֆլիկտը, այլ նաև բոլոր կոնֆլիկտները դարձնում են իրենց ռուսաֆոբ քաղաքականության պատանդ։ Ես դա համարում եմ անպատասխանատու պահվածք։ Մենք, ինչպես նախկինում, լիարժեք հավատարիմ ենք Ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանն աջակցելուն, հավատարիմ ենք այն բոլոր պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Այդ ընտրությունը մերը չէ, և եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան որոշել են վարվել այդպես, ինչպես ասում են, Աստված դատավոր է»,- ասաց Լավրովը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ աշխարհաքաղաքական այսօրվա իրավիճակը բարդացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը։ «Բայց, ի դեպ, ես ունեմ այլ տեղեկություններ։ Նկատի ունենալով այն կոնկրետ ազդակները, որոնք ես եմ ստացել համանախագահող այլ երկրներից, ես ցանկանում եմ հաստատել հետևյալը։ Չնայած նրան, որ ադրբեջանցի գործընկերները հայտարարում են, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը, թե նրանք այլևս ոչնչով չեն կարող զբաղվել, քանի որ չկա Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ, անգամ ասում են՝ չկա Լեռնային Ղարաբաղ անունով տարածաշրջան, չնայած այս ամենին միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում: Դա բավական հուսադրող է»,- ասաց Միրզոյանը։