Search
Close this search box.

Լավրովը խոսեց Փառուխի դեպքերի մասին. նրա համար դեռ ամեն ինչ պարզ չէ

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը լրագրողի խնդրանքով անդրադարձել է արցախյան Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին ասել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը զբաղվում է կատարվածի բոլոր հանգամանքների պարզմամբ, ինչի մասին այսօրվա բանակցություններում խոսվել է:

«Այդ հանգամանքները մեզ համար մինչև վերջ պարզ չեն: Չէի ցանկանա հիմա առաջ անցնել ու որևէ վերջնական դատողություն չանել: Մենք վստահ ենք, որ մեր հայ բարեկամները ամբողջապես վստահում են ռուսական խաղաղապահ զորակազմին և որ երբեմն հնչող կոչերն այդ զորակազմը պատասխանատվության ենթարկելու, ինչ-որ ծառայողական հետաքննություն անցկացնելու վերաբերյալ, չեն արտացոլում հայ ժողովրդի, երկրի ղեկավարության վերաբերմունքն այն ահռելի դերակատարամանը, որը ռուսական խաղաղապահ զորակազմն ունի այդ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Այո, փոքր միջադեպեր տեղի են ունենում: Եվ տվյալ միջադեպի պարագայում մեր զինվորականները ուսումնասիրություն են անցկացնում, քանի որ կան բաներ, որոնք պարզման կարիք ունեն» ,-ասել է Լավրով:

Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Ապա ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը զորքերը դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից։ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի ուշ հերքել է ՌԴ ՊՆ-ին։ Արցախից հայտնում են, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում։

Please enter a valid URL