Search
Close this search box.

Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունները

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ առանձնազրույցում ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի գրասենյակը։

Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Փաշինյան–Միշել–Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:

ՀՀ վարչապետն ու Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:
Փաշինյանը Միշելի հետ քննարկել է նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային պլանի իրագործման ընթացքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի կունենա այսօր։ ՀՀ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը:

Please enter a valid URL