Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին:
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը:
«Մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը դրանում շարունակական ու ոչ քիչ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի վաղը», — մեկնաբանեց դեսպան Կոպիրկինը: