ՌԴ արտգործնախարարը մեկնաբանել է Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցությունների հեռանկարներն ու Կիևի մարտավարությունը։
Համակարգողները պետք է Կիևին ոչ երկիմաստ ազդանշան ուղարկեն՝ սաբոտաժի չենթարկել Մոսկվայի հետ բանակցությունները: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարը նշել է, որ դա անհրաժեշտ է բանակցային գործընթացում իրական առաջընթաց, ոչ թե դրա տեսանելիությունն ապահովելու համար։
«Այլապես մենք կարող ենք կրկնել Մինսկի պայմանավորվածությունների ճակատագիրը, և մենք դրան երբեք չենք գնա»,-ասել է նախարարը։
Մեկնաբանելով Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցությունների հեռանկարներն ու Կիևի մարտավարությունը` Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան մուկ ու կատու չի խաղալու: Նրա խոսքով՝ ռուսական կողմին մտահոգում են Կիևի պայմանները, որը պնդում է, որ (խաղաղության՝ խմբ․) պայմանագրի կնքման դեպքում մի քանի օրվա ընթացքում դադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները, ՌԴ զինված ուժերը լքեն Ուկրաինան, այնուհետև հանրաքվե անցկացվի և վավերացվի խորհրդարանում:
«Շատ մեծ հավանականություն կա, որ երբ այդ վավերացումն ու հանրաքվեն բացասական արդյունք տան, բանակցային գործընթացը ստիպված կլինենք նորից սկսել։ Մենք մուկ ու կատու խաղալ չենք ուզում»,-ասել է Լավրովը։
Անդրադառնալով Բուչայի իրադարձություններին` ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ սադրանքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Կիևն առաջին անգամ թղթին է դրել խաղաղության դրույթները, այդ թվում՝ Ղրիմի վերաբերյալ` պատրաստակամություն հայտնելով իր պետությունը չեզոք, արտադաշինքային, ոչ միջուկային հռչակել և հրաժարվել իր տարածքում օտարերկրյա պետությունների սպառազինության տեղակայումից, իր տարածքում օտարերկրյա զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների անցկացումից ։
Նա ընդգծել է` ուկրաինական կողմն ինքն է պայմանագրի դրույթների այդ նախագծում արձանագրել, որ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները չեն տարածվի Ղրիմի և Դոնբասի վրա, ինչում Մոսկվան էական առաջընթաց է տեսնում Կիևի կողմից այդ տարածքների կարգավիճակի գիտակցման հարցում:
Լավրովը հավելել է, որ Բուչայի մասին կեղծիքի նպատակն է շեղել ուշադրությունը այն բանից, որ Ուկրաինան որոշել է հրաժարվել Ստամբուլում իր իսկ ներկայացրած առաջարկներից:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել է Կիևի մարզի Բուչա քաղաքում։ Կադրերում երևում է, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ «դիերը» շարժում են ձեռքերն ու թաքցնում վերջույթները՝ ռազմական տեխնիկայի անիվների տակ չմնալու համար։ Օպերատորի մեքենայի հայելիում կարելի է նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենան անցնում է։
Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է Ռուսաստանի զինվորականներին։ ԵՄ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերն Ուկրաինայի իշխանությունների սադրանքն են: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում հայտնել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։
Հիշեցնենք նաև, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ կայացան մարտի 29–ին։
Մինչ այդ ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցությունները կազմակերպվել էին առցանց ձևաչափով։