Search
Close this search box.

Բացառել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ հանրահավաքի եզրափակիչ քաղաքական հայտարարությունը

Խաղաղության օրակարգ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքից, այնպես էլ Արցախի տարածքում 2020 թվական նոյեմբերի 9-ի դրությամբ դիրքերին։ Այս մասին ասվում է այսօր՝ ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի եզրափակիչ քաղաքական հայտարարության մեջ։

Քաղաքական ամբողջ հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ՝

Հանուն Հայաստանի եւ Արցախի պաշտպանության հրավիրված հանրահավաքի մասնակիցներս, անկախ մեր քաղաքական եւ գաղափարաբանական տարբերություններից վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրվող օրակարգերը։

Խաղաղության օրակարգ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձնաց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքից, այնպես էլ Արցախի տարածքում 2020 թվական նոյեմբերի 9-ի դրությամբ դիրքերին։

Մենք, հանրահավաքիս մասնակիցներս, հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետեւյալ հիմնարար սկզբունքներով։

-Հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով։

-Բացառել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

-Բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքի կապի Արցախի անկլավային վիճակը։

-Քայլեր ձեռնարկել 1994 թվականի ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձեւաչափով եւ նպատակով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ։

-Բացառել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը։

-Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում, սահմանազատման եւ սահմանագծման ցանկացած գործընթաց։

-Չստորագրել Ադրբեջանի հետ որեւէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի առանց սահմանափակումների իրացումը։

-Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ Հայաստանի հոգեւոր ժառանգության կրողը լինելու իրավունքը։

Այս սկզբուքները բխում են հայ ժողովրդի կենսական շահերից, ուստի՝ ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս օրակարգով եւ ապահովել դրա իրականացումը։ Այս օրակարգի առաջադրումը չի նշանակում պատերազմ, այլ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվառմամբ հայ ժողովրդի իրական, արդար եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամություն։

Ներկայացված սկզբունքների չիրագործումն անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական, լեգիտիմ հակազդեցությունը բոլոր հնարավոր միջոցներով եւ եղանակներով։

Սույն հայտարարությունը բաց է ներկայացված օրակարգը կիսող անհատների, հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների համար։

Ազատության հրապարակ

05․04․2022 թվական»,- նշվում է հայտարարությունում։

Please enter a valid URL