Ապրիլի լույս 5-ի գիշերը Մարտունի քաղաքում բնակվող մի կին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ ամուսինը ժամեր առաջ տնից դուրս է եկել ու չի վերադարձել, նաև չի պատասխանում հեռախոսազանգերին։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Մարտունու ոստիկանները տղամարդուն հայտնաբերելու նպատակով հենց գիշերվանից սկսեցին որոնողական միջոցառումները։ Հետևողական աշխատանքի արդյունքում արդեն լուսադեմին նրանք տեղեկություններ ունեին, որ անհետ կորածի և Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչներից մեկի միջև վեճ էր եղել։ Նախնական տվյալներով՝ նրանք հանդիպել էին Մարտունու Գետափնյա փողոցում՝ մարզադաշտի մոտ։ Անհրաժեշտ էր պարզել այնտեղ կատարվածի մանրամասները, ինչի համար Մարտունու ոստիկանները համագործակցեցին քրեական ոստիկանության ու Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ։ Առավոտյան ժամը 8.40-ին բաժին հրավիրվեց անհետ կորածի հետ վիճած անձը։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ ֆինանսական հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում Գեղհովիտի 24-ամյա բնակիչը դանակով մի քանի անգամ խփել էր 55-ամյա Կամո Ալեքսանյանին, ապա հափշտակել 1 միլիոն 200 հազար դրամ։ Այնուհետև տղամարդու դին մեքենայով տարել էր Մարտունու՝ հանրային լողափ տանող ճանապարհ, հագից հանել էր շորերը, դին թողել ծառերի տակ, իսկ հագուստը պահել իրենց գյուղի դաշտերում։
Հետագա միջոցառումներով դիակը հայտնաբերվել է։ Կասկածվողը խոստովանել է: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվել է քրեական գործ։ 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։