«Իրավունք» օրաթերթը գրում է․ «Ի՞նչ իրավիճակ է Արցախում այսօր, ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած արցախցիները, ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի՝ կառավարության վերջին նիստում հնչեցրած հայտարարությունները: Վերջապես, ինչո՞ւ է այս ճակատագրական պահին Արցախի նախագահը այցելել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմμակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանից.
-44 օր մեր դեմ պատերազմ վարած 2 պետություն 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստորագրած տխրահրչակ հայտարարությունից հետո էլ` արդեն 1,5 տարի է, շարունակում են իրենց հանցագործությունը: Արդեն ոչ թե պատերազմական բացահայտ գործողություններով, այլ՝ հիբրիդային պատերազմի միջոցով: Օգտագործելով հոգեբանական ճնշման միջոցներ, շփման գծի տարատեսակ սադրանքներ, որոնք ուղեկցվում են տարբեր տրամաչափի արկերի հրետակոծությամբ, ունենք ե՛ւ զոհեր, ե՛ւ վիրավորներ, գյուղատնտեսական աշխատանքների արգելք, գազի անջատում… Այս ամենը փաստում է, որ մեզ համար պատերազմը չի ավարտվել: Հատկանշական է, որ 44 օր մեր դեմ պատերազմ վարած այդ 2 պետությունը, հրապարակայնորեն հռչակում եւ օրենքի ուժ են տալիս իրենց պանթուրքիստական նկրտումներին: Այսօր, առավել եւս՝ օգտվելով Ռուսաստանի՝ Ուկրաինայով զբաղվածությունից, հարմար պահ են գտել Արցախի հարցը լիովին փակելու համար:
— ՀՀ վարչապետը Կառավարության նիստին հայտարարեց, որ թշնամին մուտք է գործել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի, ըստ էության` այդ կերպ արձանագրելով, որ Արցախն այլեւս ՌԴ պատասխանատվության գոտի է: Այն է՝ Հայաստանի պատասխանատվության գոտի չէ այլեւս: Սա պաշտոնական խոստովանություն չէ՞ր, որ Հայաստանը վերջնականապես հրաժարվել է Արցախից:
— 1,5 տարի ինչո՞վ են զբաղված Հայկական երկու պետությունների իշխանությունները: Հայաստանի իշխանությունները, իրոք, կարծես ձեռքերը լվացել է Արցախից: Արդյունքում, Արցախի իշխանությունները հայտնվել են ցայտնոտի վիճակում՝ չհասկանալով, թե ինչ պետք է անել: 1,5 տարի շփման գծի անվտանգության խնդիրներ են, ամռանը՝ ջրի խնդիր, մեկ ամիս սաստիկ ցրտի պայմաններում՝ գազի խնդիր, շուտով 2 շաբաթ կլինի, որ Ադրբեջանի զինվորները Փառուխում են…
— Տիկին Հակոբյան, կարծես թե, Արցախի հետ կապված այս «մանրամեծածախ առեւտուրը» մոտենում է տրամաբանական ավարտին: Արդյունքում, ի՞նչ վտանգներ են կախված այսօր Արցախի գլխին, եւ ինչպե՞ս են արցախցիները տեսնում վերջնական հանգուցալուծումը:
— Արցախում ներկա իրավիճակը ոչ այլ ինչ է, քան հումանիտար աղետ, որի կործանարար հետեւանքը Արցախի հայաթափումն է: Բազմիցս հայտարարել ենք, որ մենք ժամանակ չունենք դանդաղելու եւ պետք է օր առաջ պատրաստ լինենք այս ամենին: Պետք է անվտանգային համակարգի վերափոխում եւ վերապատրաստում: Ռուս խաղաղապահների զորախմբի թվաքանակի ավելացման պահանջ կամ խնդրանք: Նաեւ՝ ջրի, հոսանքի, գազի, կապի այլընտրանքային տարբերակներիի ներդրման կարիք:
Պետք է դիվանագիտական դաշտի ակտիվացում, Հայաստանի իշխանություններին կա պահանջ, որ նրանք դառնան Արցախի խոսափողը. մենք այլ տարբերակ չունենք Արցախին լսում են Հայաստանի միջոցով, եւ այդ ֆունկցիան Հայաստանը երբեք չպետք է անտեսի: Անհրաժեշտ է, որ դիվանագիտական անձնագրեր եւ ճանապարհորդելու հնարավորություն ունեցող մեր բոլոր պետական պաշտոնյաները միջազգային հանրության եւ կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեն Արցախի խնդրի վրա, օգտագործվի մեր ազդեցիկ քաղաքական ու հանրային գործիչների ողջ ներուժը՝ նրանց գոնե չխանգարելով՝ ներգրավել Արցախի համար կարեւորագույն հարցերի լուծման մեջ:
Սակայն ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները: Հայաստանի իշխանությունները միայն գազատարի պայթեցման 16-րդ օրն են տալիս հումանիտար իրավիճակի քաղաքական գնահատականը, եւ, զուգահեռ տարբեր եղանակներով, քաջալերում են հակառուսական տրամադրություններ: Քննադատում են ռուսական զինված ուժերին, եւ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ներկայացնում որպես անգործունյա մեխանիզմ: Այն դեպքում, երբ հակառուսական տրամադրություններ տարածող ուժերի դեմ պետք է պայքար մղել, քանզի Ռուսաստանի ալտերնատիվը Թուրքիան է:
Այս դեպքում պետք է բոլոր միջոցներով հասնել նրան, որ Արցախի իշխանություններն ուղիղ կապի մեջ լինեն ՌԴ-ի իշխանությունների հետ, քանզի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Արցախում ունի իր հստակ առաջադրանքները, եւ նրանք քաղաքականությամբ չեն զբաղվում:
«Արցախի Հանրապետության ճանաչում՝ հանուն փրկության» թեզը պետք է շրջանառության մեջ ներառել, համապատասխան խողովակների միջոցով ՌԴ-ի հետ համաձայնեցնել, քանզի մենք այստեղ այլ վտանգ ենք տեսնում, որ անկախությունը արագ կարող են ճանաչել այն երկրները կամ երկիրը, որոնք ցանկանում են Արցախից դուրս մղել ռուս խաղաղապահներին, հասնել Ղարաբաղից ռուսական զինվորականների հեռացմանը եւ, ըստ էության, ավարտել Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծումը:
— Տիկին Հակոբյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այս վճռորոշ պահին հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի հետ: ԼՏՊ-ն, ինչպես հայտնի է, դեռ էն գլխից էր Արցախն Ադրբեջանի կամում թողնելու ջադագովը: Ու հիմա, ինչպե՞ս են արձագանքել արցախցիները, որ իրենց ղեկավարը հանդիպել է նրան:
— Միանգամից ասեմ՝ շատ վատ: Այս գործընթացները, սակայն, վաղուց են սկսվել: Արայիկ Հարությունյանը, իշխանական թեւի ներկայացուցիչները եւ «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները սկսել են նոր քարոզարշավ՝ ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա գաղափարների: Նշում են, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը ե՛ւ Սերժ Սարգսյանը ժամանակին սխալ են եղել, որ միակ իրատեսական թեզը, դա ըստ էության, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզն էր: Այսինքն, իրատեսականը հենց այն իրավիճակն է, որի մեջ մենք գտնվում ենք այսօր: Նրանք այդ քարոզարշավը դեռ վաղուց էին իրականացնում, բայց հիմա արդեն դա հանրայնացնում են, որովհետեւ, ըստ իրենց, հիմք են ստեղծել՝ այդ թեզը հանրայնացնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում