Search
Close this search box.

Նվազում է ռուսական քաղաքացիության պահանջարկը

Ընթացիկ տարվա առաջին երկու ամսվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց թիվը նվազել է 15 000-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ, հետեւում է ՌԴ ՆԳՆ տվյալներից, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

2022 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին ռուսական քաղաքացիություն է ստացել 84 817 մարդ, մեկ տարի առաջ՝ 99 873: Միեւնույն ժամանակ 2021 թվականի ցուցանիշները 79 000-ով գերազանցել էին 2020 թ. տվյալները: Ռուսական քաղաքացիությունն առավել տարածված է եղել Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Հայաստանի քաղաքացիների շրջանում:

Միեւնույն ժամանակ ավելացել է արտասահմանում բնակվող հայրենակիցների ու նրանց ընտանիքների՝ ՌԴ-ում կամավոր վերաբնակեցման աջակցման պետական ծրագրից օգտված անձանց թիվը: Այս տարվա առաջին երկու ամսում նրանց թիվը կազմել է 9293, նախորդ տարի՝ 8616:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւն ավելի վաղ կողմ էր արտահայտվել ՌԴ-ում վերաբնակեցման ծրագրի ընթացակարգի առավելագույն պարզեցմանը Դոնբասից ժամանած եւ Ուկրաինայի ռուսախոս քաղաքացիների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Please enter a valid URL