Search
Close this search box.

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Անցած տասնամյակների ընթացքում համատեղ ջանքերով հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային փոխգործակցության ամենաբարձր մակարդակի, որն առանձնանում է միջպետական ​​համագործակցության բոլոր ոլորտներում կայուն զարգացմամբ։

Հաստատուն և մշտապես հարստացվող երկկողմ իրավապայմանագրային բազան հիմնված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի, որի ստորագրման 25-ամյակը կնշենք այս տարվա օգոստոսին, և դեպի 21-րդ դար ուղղված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի վրա։

Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության դարավոր խորը ավանդույթների վրա։ Այս հզոր համախմբող գործոնը հիմք է հանդիսանում մեր երկրների միջև արդյունավետ համագործակցությունը ռազմաքաղաքական, տնտեսական, արդյունաբերական, առևտրային, միջտարածաշրջանային, հումանիտար և գիտակրթական ոլորտներում խթանելու համար։

Ակտիվ քաղաքական երկխոսության և բարձր մակարդակի համաձայնագրերի հետևողական իրականացման շնորհիվ մենք շարունակում ենք արտաքին քաղաքականության համակարգումը միջազգային ասպարեզում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, ինչպիսիք են՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը և Անկախ պետությունների համագործակցությունը։

Բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը և Ձեր անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բարենպաստ կենսապայմանների ապահովման գործում։ Հուսով եմ, որ ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության խաղաղ կյանքը իր հողում։

Վստահ եմ, որ այս բոլոր ջանքերը կհանգեցնեն մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, իսկ Ռուսաստանի հետագա միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ամբողջությամբ ուղղված կլինեն հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը։

Մեր երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում արժեքավոր ներդրում ունի նաև Ռուսաստանի հայ համայնքը։

Վստահ եմ, որ հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու փոխադարձ ձգտումը, բարձր և բարձրագույն մակարդակներում վստահելի երկխոսությունն այսուհետ ևս կկանխորոշի մեր ընդհանուր ջանքերը՝ ի շահ մեր երկրների, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման, ինչը, անկասկած, բխում է մեր ժողովուրդների և պետությունների ռազմավարական շահերից»։

Please enter a valid URL