Ճշմարտության հաղթանակն Ուկրաինայի եւ ուկրաինացիների հաղթանակ է նշանակում, ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Հարցն այն է, թե երբ սա կավարտվի… Ցավոտ հարց է: Հաղթանակից բացի, ուկրաինացի ժողովուրդը որեւէ արդյունք չի ընդունի»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահը պատասխանել է նաեւ հարցին, թե ինչի՞ն է պատրաստ համաձայնել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար, եւ արդյո՞ք Ռուսաստանին տարածքային զիջումներ են հնարավոր։
«Մենք մեր տարածքի առեւտուր չենք անում,- պատասխանել է Զելենսկին։- Տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարց չի քննարկվում».
Նա նաեւ հայտարարել է, որ իր երկիրն «առաջատար երկրներից» պարտավորություններ է ակնկալում, որ Ուկրաինայի անվտանգությունը կպաշտպանվի պայմանագրով, եթե նա համաձայնի լարվածության թուլացմանը Ռուսաստանի հետ, եւ վերահաստատել է իր համոզմունքը, որ Ուկրաինան շահավետ կերպով կլրացներ ՆԱՏՕ-ն։
«Մեզ համար դժվար է խոսել ՆԱՏՕ-ի մասին, քանի որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում մեզ ընդունել։ Ես կարծում եմ, որ դա սխալ է, քանի որ եթե մենք անդամակցենք ՆԱՏՕ-ին, մենք ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ կդարձնենք։ Մենք թույլ պետություն չենք: Մենք չենք առաջարկում մեզ ավելի ուժեղաց դարձնել ՆԱՏՕ-ի հաշվին… Մենք լրացում ենք, մենք լոկոմոտիվ ենք: Կարծում եմ՝ մենք եվրոպական մայրցամաքի կարեւոր բաղադրիչներից մեկն ենք»։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ եւ ասել նրան, որ կցանկանար, որպեսզի ԱՄՆ-ն ներառված լինի անվտանգության համաձայնագրում, որը երկարաժամկետ աջակցություն կապահովի Ուկրաինայի համար՝ ապագան Ռուսաստանի կողմից կրկին ներխուժման հնարավորության դեպքում: Զելենսկին ասել է, որ Միացյալ Նահանգները «դիտարկում է այս առաջարկը»։
Զելենսկին նաեւ մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Ուկրաինան ուղղաթիռների միջոցով գրոհել է նավթապահեստները Ռուսաստանում տարածքում:
«Դուք ուղղաթիռներով հարձակում կատարե՞լ եք ռուսական տարածքի վրա գտնվող ռուսական ռազմական պահեստի վրա»,- հեռուստաալիքի ներկայացուցիչը հարցրել է Զելենսկուն:
«Ներողություն, ես իմ, որպես գլխավոր հրամանատարի, հրամաններից որեւէ մեկը չեմ քննարկում: Ես այս պետության առաջնորդն եմ։ Կան բաներ, որոնց մասին ես խոսում եմ միայն Ուկրաինայի զինված ուժերի զինվորականների հետ եւ երբ նրանք ենք խոսում ինձ հետ։ Մեզ համար կարեւոր է, որպեսզի դուք եւ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք երկիր ենք, որը գտնվում է պատերազմական վիճակում: Մեզ վրա հարձակվել են: Աա թե ինչն է կարեւոր։ Սա է ամենամեծ ողբերգությունը։ Եւ այսօր լսել հաղորդումներ այն մասին, թե ինչ-որ տեղ ինչ-որ բան է տեղի ունեցել, ինչ-որ տեղ ինչ-որ բան է պայթել, իսկ Ուկրաինայում պատերազմ է, ճիշտն ասած, այդ մասին խոսելը պրոֆեսիոնալ չէ։ Նրանք օկուպացրել են մեր տարածքը։ Նրանք հարձակվել են մեզ վրա։ Այս պատերազմը շարունակվում է արդեն 8 տարի, ուստի ինչ էլ որ տեղի ունենա այս կամ այն իրավիճակում, ինձ համար դժվար է դա մեկնաբանել»,- ասել է Զելենսկին։