Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը անլուրջ է համարում ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության` Ստեփանակերտում գազային ենթակառուցվածքները վերակառուցելու մտադրության մասին հայտարարությունը, ուստի չեն մեկնաբանում այն:
«Անլուրջ ենք համարում տվյալ հայտարարությունը և չենք մեկնաբանում», — «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել են Արցախի նախագահի աշխատակազմից:
Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Թեյմուր Ջաֆարովը հայտարարել է, թե իբր Ստեփանակերտում պլանավորում է վերակառուցել գազային ենթակառուցվածքները։ Նա ասել է, որ «արդեն որոշակի աշխատանքներ են իրականացվել» Ստեփանակերտ տանող գազատարի վրա։
Ավելի վաղ, մարտի 27-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել այն մասին, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը, ուստի, ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։