Search
Close this search box.

Մենք Ադրբեջանի 5 կետերին դեմ ենք․ Սեյրան Օհանյան

«Մենք Ադրբեջանի 5 կետերին դեմ ենք, որովհետև եթե այդ 5 կետերն իրականացվեն, ամենակարևոր հարցերից մեկը՝ վտանգված է Արցախի ապագան, Արցախի ինքնորոշումը, Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում ապրելու իրավունքը, և վտանգված է այն հեռանկարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունները խոսում են տարբեր իրավունքների մասին, բայց երբ կոնկրետ հարց ես տալիս Արցախի ինքնորոշման, անկախության մասին, չեն ցանկանում պատասխանել։ «Մենք հիմա պահանջում ենք ներկայացնել, թե ի՞նչ են պատասխանել այսօրվա իշխանությունները, արտգործնախարարը Ադրբեջանին։ Բայց այն, որ իրենք ասում են՝ մենք հիմնականում համաձայն ենք 5 կետերի հետ, խոսում է այն մասին, որ իրենք չեն բարձրացնում Արցախի ինքնորոշման գաղափարը։

Ինչի՞ համար է պետք Արցախի ինքնորոշումը և ոչ Ադրբեջանի կազմում լինելը։ Ամենաառաջինը՝ Արցախը ԽՍՀՄ փլուզումից հետո ինքնորոշվել է՝ Ադրբեջանի հետ միասին դուրս գալով ԽՍՀՄ կազմից։ Այդ ինքնորոշումն իրականացվել է հանրաքվեով, դրա համար է ձևավորվել Արցախի Հանրապետությունը։

Արցախի ժողովուրդը պետք է ապագայում անվտանգ ապրի իր իսկ պատմական տարածքում։ Ինչո՞ւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետև Ադրբեջանի իշխանությունները իրենց կատարած հանցագործությունից հետո հայատյացության հռետորաբանությունն ու սադրանքները շարունակում են»,- ասաց Օհանյանը։ Ըստ նրա՝ Արցախը պետք է ինքնորոշվի, և դրան պետք է նպաստի միջազգային հանրության, նաև Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը։

Please enter a valid URL