Search
Close this search box.

ԼՂ-ի՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի Ադրբեջանի ներխուժումը նախապես ծրագրված ագրեսիա է․ Արարատ Միրզոյան

ԵԱՀԿ-ում Լեհաստանի կողմից նախագահության ստանձնումը համընկավ եվրոպական տարածաշրջանի անվտանգության լրջագույն ճգնաժամի՝ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետ, այս մասին Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հասկանալի է, որ այն իր վրա է սևեռում ԵԱՀԿ-ի ուշադրության մեծ մասը, սակայն ակնկալում ենք, որ ԼՂ հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում: Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները ԼՂ-ում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար: Դրա վառ վկայությունն է մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Ղարաբաղի տարածք ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ: Այդ ներխուժմանը և ռազմական գործողությունների հրահրմանը նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը: Ադրբեջանը խափանել էր ԼՂ-ի կենսական նշանակություն ունեցող միակ գազատար խողովակի աշխատանքը և գազի մատակարարումը խստաշունչ եղանակային պայմաններում»,-ասաց Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդ ներխուժումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիա է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին: Նրա խոսքով՝ այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական, իսկ ԼՂ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը՝ հրատապ, հումանիտար ճգնաժամը կանխելու համար:

«Մենք գոհունակությամբ ենք փաստում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ գնահատական են տվել ԼՂ-ում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Please enter a valid URL