«Հրապարակ»-ը գրում է. Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքը՝ խոշոր չափերի կաշառք ստանալը (ՔՕ 311 հոդված, մաս 3, կետ 3): Նախարարը ձերբակալված է, կալանքի միջնորդությունն էլ դատարանում է: Կոմիտեի տարածած հաղորդումը հերթական «շուխուռն» ու աղմուկն ապահովեց, որը դեռ երկար կքննարկվի: Կարդալով այն՝ դժվար է հավատալ, որ սա նույն հիմնարկն է, որը ղեկավարել են փայլուն սպաներ, որը, քարը քարի վրա դնելով ու ծաղկեցնելով՝ գեներալ-մայոր, լուսահոգի Արմեն Երիցյանի ջանքերով 6 տարում հաջողվեց դարձնել ժամանակակից ստանդարտներին համահունչ արտակարգ իրավիճակների կառավարման արդյունավետ կառույց:
Սասուն Խաչատրյանի կոմիտեի տարածած տեքստը մի վայրկյանում ոչնչացրեց, վարկաբեկեց ԱԻՆ-ը՝ այն ներկայացնելով որպես ժուլիկների ու թալանչիների «կանտորա»: Եվ այսպես, եթե հավատանք իրավապահներին, ԱԻՆ-ում իսկական բանդա է գործել՝ 9 մեղադրյալ, 10 կասկածյալ, նախարարի խորհրդական եւ ստորաբաժանումների ղեկավարներ, որոնք բոլորն այդ հանցավոր խմբի մեջ են եղել՝ նախարարի գլխավորությամբ։ Ով ոնց ուզել, թալանել է պետությունը՝ կաշառքներ են ստացել ու «կպցրել», պաշտոնեական դիրք չարաշահել, խարդախություններ արել, ապօրինի փողեր ստացել, պարգեւատրումներ հափշտակել, մրցույթների արդյունքներ են փորձել «դասավորել»:
Կաշառք ստանալուն օժանդակողի դերում, ըստ հակակոռուպցիոնի, եղել է Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանը: ԱԱԾ-ականներն առաջինը նրա աշխատասենյակ էին մտել եւ խուզարկություն իրականացրել: Հայտնում են, որ խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերել ու առգրավել են «հրազեն եւ ռազմամթերք»: Ըստ իրավապահների, նա ինչ-որ ՍՊԸ-ի համար «գործ է դասավորել», որը Փիլոյանին կաշառք է տվել:
«Հրապարակն» առաջինը գրեց, որ ԱԱԾ-ականները մարտի 28-ին «մասկի-շոու» ձեւաչափով մտել են ԱԻՆ: ԱԻՆ ղեկավար կազմի խորհրդակցության ժամանակ նրանք դիմակներով հանկարծակի ներս են լցվել դահլիճ, կոպտորեն հեռացրել են նախարար Փիլոյանին, քարշ տալով փակել իր աշխատասենյակում: Ապա «վնասազերծել» են խորհրդական Աշոտ Հակոբյանին՝ ոլորել են ձեռքերն ու տարել՝ ԱԻՆ ապշահար աշխատակիցների աչքի առաջ:
Հետաքրքիր է, որ ներքեւում, շենքի առաջ հերթապահող ԱԱԾ-ականները փակել են Աշոտ Հակոբյանի մեքենայի ճանապարհը: Երեւի զգուշացել են, որ Հակոբյանը հանկարծ կարող է դառնալ Ջեյս Բոնդ ու 9-րդ հարկից թռչել ներքեւ, նստել իր ավտոն ու փախչել: Նախարարի արդեն նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանը մինչեւ 2020 թվականի դեկտեմբերը հարկայինի աշխատող է եղել, ՊԵԿ-ի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 7 բաժնի պետի տեղակալ է աշխատել: ԱԻՆ համակարգ է եկել Փիլոյանի՝ նախարար նշանակվելուց մեկ ամիս անց:
ԱԻՆ-ում պատմում են, որ Աշոտ Հակոբյանը 60 տարեկան է, հարկայինի «շկոլան» անցած փորձառու կադր, ահռելի հարստության տեր անձնավորություն: Վերջին անգամ նա իր հայտարարագրում բնակարան է նշել Կենտրոնում, արտադրական նշանակության շինություն՝ Մալաթիայում, հողամաս՝ Աջափնյակում, 10 մլն դրամ ավանդ՝ բանկում, 30 մլն դրամ, 128 հազար դոլար եւ 25 հազար եվրո: Հակոբյանը կալանավորված է:
Մյուս գործող անձը, որին հաջողվեց իդենտիֆիկացնել հակակոռուպցիոնի տարածած հաղորդագրության հիման վրա, Պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանն է: Նա, ըստ քննիչների, միջնորդել է ինչ-որ անձի նախարարությունում աշխատանքի ընդունելու համար, ինչի դիմաց տվյալ անձը խոշոր չափերով կաշառք է տվել նախարարին՝ «ջեռուցման համակարգի տեսքով»: Բացի «Բաքսիից», կաշառքի այլ տեսակ ու չափ է նշվում՝ 2000-2500 ԱՄՆ դոլար՝ ԱԻՆ-ում աշխատանքի ընդունվելու համար:
Հաղորդվում է, որ փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մ. Մ․-ն եւ մեկ այլ ստորաբաժանման պետ Վ. Մ․-ն «2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգեւատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգեւատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել եւ հափշտակել են վերջիններիս պարգեւավճարների գումարները»:
Պարզվում է, խոսքը Մհեր Մնացականյանի մասին է, որը հայտնի մեկնաբան Նվեր Մնացականյանի որդին է, իսկ «պարգեւավճարներ չստացած ՓԾ մի շարք աշխատակիցները» վարորդներն են, որոնք բողոքել են, որ իրենց փողերը չեն տվել: «Իմ որդին ոչինչ չի արել։ Որ փաստաբան ունենա, երբ որ մեղադրանքն ամբողջությամբ կունենաք ձեր ձեռքի տակ, նոր խոսեք»,- մեզ կարճ պատասխանեց Նվեր Մնացականյանը:
ԱԻՆ-ին մոտ կանգնած անձը պատմում է, որ վարորդներին, ինչ-որ բեռներ տեղափոխելու համար, խոստացել են գումար տալ, սակայն չեն տվել: Մհեր Մնացականյանին մեղսագրում են նաեւ այն, որ «2022 թվականին անցկացվելիք մրցույթի տեխնիկական բնութագիրը համաձայնեցրել է … հավանական մասնակցի հետ` այդկերպ փորձելով նպաստել, որպեսզի միայն նշված ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել եւ հաղթել մրցույթում»: Ի դեպ, մրցույթների արդյունքներն իր ստորագրությամբ վավերացնող ԱԻՆ բարձրաստիճան պաշտոնյան նախարարի առաջին տեղակալ, ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանն է, որը մինչ այդ պատգամավոր էր, իսկ ավելի վաղ զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնը, հիմա ԱԻ նախարարի հիմնական թեկնածուն է:
Գեներալ Անդրանիկ Փիլոյանը մարտի 28-ին իր ենթակաների աչքի առաջ խայտառակ լինելուց հետո արձակուրդ էր ձեւակերպել եւ երկու օր ազատության մեջ էր: Նրա աշխատողներն այսօր էլ, հակակոռուպցիոնի ցնցող հաղորդումը կարդալուց հետո չեն հավատում, որ նախկին զինվորականը կարող էր մեկուկես տարում այդքան թալանել: «Գալու օրվանից նա աշխատում էր կրճատել անտեղի ծախսերը: Մի տեսակ անհավանական է, որ այդ տեսակի մարդը նման բան աներ: Նրա առաջին պահանջն արդյունավետ ծախսեր անելն էր, մենք տեսել ենք նրա խստապահանջությունը: Ինչ-որ անհասկանալի հնչեղություն ունեցավ այս գործը, բայց դեռ տակը բան չի երեւում»:
Գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը 2018թ. հունիսի 18-ից եղել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը, իսկ մինչ այդ նույն կորպուսի շտաբի պետն էր: Ջեբրայիլում պարտություն կրած գեներալն է: Փաշինյանը նրան հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար արժանացրել է Ազգային հերոսի կոչման: Նա պարգեւատրվեց Հայրենիքի շքանշանով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/82c63344ac1bbd04bf82cec4365fb80f
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»