Հաճելի չէ այս իրավիճակը, բայց մենք հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ…
Այս շաբաթ իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել ԱԻՆ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահի դրությամբ այդ գործով կան ձերբակալված անձինք, նաև ձերբակալված է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է։ Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք, բայց նաև ուզում եմ իմ վերաբերմունքը արտահայտել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ ու շատ կարևոր է, որ այդ սկզբունքը հետևողականորեն պահենք։
Պետք է տեղի ունենա նախաքննություն, գործը գնա դատարան և միայն դատարանի դատավճռով հնարվոր կլինի որևէ եզրակացություն անել, այս պահին ուղղակի արձանագրում ենք, որ հաճելի չէ այս իրավիճակը, բայց, կարծում եմ, հանրության առջև ստանձնած պարտավորությունները, օրենքի գերակայությունը շատ ավելի կարևոր է։
Համոզված եմ, որ նախաքննությունը տեղի կունենա օբյեկտիվ, օրինականության տառին և ոգուն համապատասխան և բոլոր մեղավորները կստանան օրենքով նախատեսված պատիժ»,- ասաց Փաշինյանը։