Search
Close this search box.

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարությանը՝ նշելով, որ ափսոսանք է հայտնում «2022-ի մարտի 26-ի միակողմանի հայտարարության համար, որը չի համապատասխանում իրականությանը»։

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրում նշվել էր, որ «մարտի 24-ից 25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և տեղադրել են դիտակետ»։

Ի պատասխան այս հաղորդագրության՝ Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հետևյալ հայտարարությունը․

«Մարտի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Ադրբեջանում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Զրույցի ընթացքում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ճշգրտվում են տեղում դիրքերն ու տեղակայումը։

Սակայն մարտի 26-ի առավոտյան հայկական անօրինական զինված խմբավորումների անդամները փորձել են դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վրա։ Ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում անօրինական հայկական զինված խմբավորումների անդամները ստիպված են եղել նահանջել։

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա որևէ դրույթ։

Ցավոք, սույն հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ հայկական բանակի մնացորդների և ապօրինի հայկական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերում Ադրբեջանի տարածքից դեռ չի իրականացվել։ Ուստի հայտարարության դրույթները խախտում է Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանը։

Պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ՌԴ ՊՆ այս հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը և 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների միջև ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին։

Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր չկա։ Հայտարարության մեջ նշված գյուղը ոչ թե Ֆուրուխ է կոչվում, այլ Ֆարուխ։

Վերոնշյալի կապակցությամբ Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ն կոչ է անում Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ին ապահովել հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից՝ եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։ Նա նաև խնդրում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրը և ճիշտ նշել Ադրբեջանի տարածքների անվանումները»։

Please enter a valid URL