Այսօր՝ մարտի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցի 9-րդ փողոցում կրակոցներ են հնչում
Ոստիկանները, մինչ կհասնեին դեպքի վայր, դարձյալ ահազանգերը շարունակվել են, ու արդեն ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց ոստիկանները ենթադրյալ կասկածյալին հետապնդելով վնասազերծում են այնտեղ և բերման ենթարկում ոստիկանության կենտրոնական բաժին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Այգեստան փողոցից մինչև Նալբանդյան փողոց ոստիկանության վարչական շենքի մոտ հայտնաբերվում է տարբեր տիպի հրազեններից արձակված 50-ից ավելի գնդակ և 8 հատ կրակված պարկուճ։
Ոստիկանության վարչական շենքի դիմաց էլ հայտնաբերվում է ավտոմատ։ Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Իսկ տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Նույն վաշտի պարեկներ Իլյա Սարգսյանն ու Արմեն Օրդուխանյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի տեղում աշխատեն ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու ժամանած քննիչները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծված ու բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էրիկ Աղախանյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կայքի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել է քաղաքացիներից մեկի ավտոմեքենայի անվադողը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Լսեցինք կրակոցի ձայներ։ Չգիտենինք՝ ինչ անեինք։ Դուրս գալ չհամարձակվեցին։ Բայց զանգեցինք 1-02, ու լավ էր՝ 1-2 րոպեի ընթացքում ոստիկաններն էկան, ու մի մասը մնացին էստեղ, մի մասն էլ սկսեցին հետապնդել կրակողին։ Ճիշտն ասած, վախենում էինք, որ կարող ա էդ կրակողը իրեն հետապնդող ոստիկանների ուղությամբ էլ կրակի։ Բայց հետո իմացանք, որ մեր փողոցից մինչև ոստիկանության շենքի մոտ անկանոն կրակոցներ արձակելով գնացել ա, որտեղ էլ կարողացել են ոստիկանները նրան վնասազերծել։ Իմացանք նաև, որ զենքն էլ են գտել, ով ինչ-որ ջահել ա էղել»։