Ադրբեջանն արդեն շուրջ 1․5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում։ Բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը։ Եվ խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Արցախի գազատարի առաջին պայթյունից հետո՝ մարտի 10-ին, 5 կետից բաղկացած առաջարկություն է ներկայացվել Երևանին՝ կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Մարտի 14-ին մենք դիմեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների կազմակերպմանը աջակցելու խնդրանքով, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ Հայաստանի համար ընդունելի են Բաքվի հինգ կետերը, սակայն Հայաստանը լրացուցիչ կետեր է փոխանցել Բաքվին։ Եվ դրանից հետո Բաքուն կրկին անջատել է գազը։
Բաքուն, ըստ Փաշինյանի, չի արձագանքել նաև Հայաստանի՝ զորքերի հայելային դուրսբերման առաջարկներին, մասնավորապես՝ Երասխից՝ որպես սահմանազատման մեկնարկի պայման, ինչպես նաև հաղորդակցությունների բացման առաջարկներին։ «Ի դեպ, մի շարք վերջին իրադարձություններից հետո մենք դեռ չենք հասկանում՝ Ադրբեջանը ցանկանում է բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, թե ոչ»,- ասել է վարչապետը։
Այսպիսով, Փաշինյանը, ով կառավարության նիստում իր ելույթը կարդում էր թղթով, խոստովանեց, որ Հայաստանի առաջարկները չեն ընդունվել՝ և՛ խաղաղության պայմանագրի, և՛ սահմանազատման ու հաղորդակցությունների վերաբերյալ։ ԵԱՀԿ Մինսկի խմբից էլ արձագանք չկա, իսկ ռուսական կողմը Զախարովայի բերանով հայտարարում է, որ եռակողմ հայտարարությունը փաստացի ձախողվել է։
Փաշինյանը խոստովանեց, որ ձախողվել է նաեւ «խաղաղության օրակարգը», բայց հայտարարեց, թե որքան հնարավոր է շուտ պետք է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Այսինքն, ՀՀ իշխանությունը պատրաստվում է ընդունել Բաքվի պայմանները, հակառակ դեպքում ի”նչ բանակցությունների մասին է խոսքը, եթե Բաքուն այլ բանի համաձայն չէ։
Ո՞րն է Փաշինյանի պլան Բ-ն, եթե Բաքուն պաշտոնապես մերժել է Հայաստանի պայմանները, իսկ ռուսական զորքերը խրախուսում են Ադրբեջանին՝ շարունակելու հայկական հողերի զավթումը։ Փաշինյանն ասում է, որ «Ադրբեջանի քաղաքականությունը նպատակ ունի շեղել մեզ խաղաղության օրակարգից», և Բաքուն ցանկանում է հրահրել նոր պատերազմ և էսկալացիա։ Ի՞նչ է անում Հայաստանը, բացի առաջարկներից, նոր ուժային գործողությունները կանխելու համար։
Պլան Բ-ն միակողմանի զիջումնե՞րն են։ «Մենք հետևողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները, չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները», «Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից», «մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկով, որպես ետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը» հայտարարությունները վկայում են, որ Հայաստանի կառաավարության պլան Բ-ն հենց դա է՝ Արցախում «այլ ժողովուրդների» իրավունքների պաշտպանությունը, զորքերի միակողմանի հետքաշումը և «խորհրդային սահմանի» ճանաչումը։
Արցախն ունի՞ իր պլան Բ-ն։ Փառուխի իրադարձությունները, ինքնապաշտպանության օրինակները վկայում են դրա առկայության մասին։
lragir.am