Search
Close this search box.

Ինչո՞վ է պայմանավորված Հայ եկեղեցու կեղծավոր և երկդիմի պահվածքը

«Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝  Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝  նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին», -ասվում է Գրեագույն Հոգևոր Խորհրդի այսօր տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հիսուս Քրիստոսը արձանը կանգնեցնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել բարերար և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ավելին, Ծառուկյանը մշակույթի տարբեր ոլորտներ ներկայացնող գործիչներից և հանրության շրջանում հեղինակություն վայելող անձնացից հանձնաժողով էր ձևավորել, որը պետք է ուսումնասիրեր արձանի կառուցման համար հայտարարված մրցույթի նախագծերը և հայտարարեր հաղթողին: Հանձնաժողովի առաջին նիստին, որը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարի 22-ին, մասնակցել էր նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, ով ելույթ ունենալով հանձնաժողովի նիստում հայտարարել էր. «Ես ուրախ եմ, որ Հայոց հայրապետից շնորհ և օրհնություն ունեմ այսօր այստեղ լինելու։ Ինչպես մենք ենք բացառիկ, Աստվածընտրյալ ժողուվուրդ, այդպես էլ մեր կերտած Քրիստոսը պետք է լինի յուրահատուկ և լիապես արտահայտի մեր ավանդական, մշակութային, արվեստաբանական մտածողությունը։ Մեր պատմության այս դժվարին փուլին այս գաղափարով մխիթարություն պիտի բերենք մեր ժողովրդին»:

Վերջինիս խոսքից պարզ է դառնում, որ նա ինքանգլուխ չի մասնակցել այդ նիստին, այլ ունեցել է Կաթողիկոսի օրհնությունը, պարզ ասած՝ ներկայացրել է նրան: Եթե Կաթողիկոսը համաձայն չլիներ արձանի կառուցմանը, դժվար թե իր ներկայացուցչին ուղարկեր արձանի նախագծերը ուսումնասիրող հանձնաժողովի նիստին:

Հետաքրքիր է, ինչու է Հայ առաքելական եկեղեցին ընդամենը մեկ ամսվա ընթացքում փոխել իր դիրքորոշումը, և որոշել, որ արձանի կառուցումը ընդունելի չէ: Ցավոք, մենք այս հարցի հստակ պատասխանն այս պահին տալ չենք կարող, չնայած կան մի քանի վարկածներ, որոնց մենք կանդրադառնանք հետագայում:

Այս պահին իմաստ ունի ներկայացնել մի քանի կարևոր դիտարկում, որոնք չափազանց կարևոր են հասկանալու, թե ինչ սկզբունքով է ընդհանրապես առաջնորդվում Հայ առաքելական եկեղեցին այս կամ այն հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս:

Ընդամենը չորս տարի առաջ 2018. ապրիլին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. ներկա էր Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին նաև Հռոմի քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ճիշտ է՝ Կաթոլիկ եկեղեցու պաշտամունքային ավանդույթի մեջ մտնում է Հուսուս Քրիստոսի արձան կանգնեցնելը, բայց այդ միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը ձուլվել է երկու օրինակով, որոնցից մեկն էլ պետք է տեղադրվի Էջմիածնում՝ Վեհարանի պարտեզում: Ստացվում է, որ արձանի տեղադրումը լավ էլ հարիր է Հայ եկեղեցու պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին: Թե ինչու Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը կարելի է կանգնեցնել, իսկ Հիսուս Քրիստոսինը ոչ՝ թող բացատրի եկեղեցին:

Էջմիածին քաղաքի հենց մուտքի մոտ մի քանի տարի առաջ կանգնեցվեց Տիրոջ աջի արձանը: Այն բավական մոնումենտալ կառույց է, առնվազն 4-5 մետր բարձրությամբ: Իսկ ով ասաց, որ Հիսուս Քրիստոսի աջ ձեռքի արձանը կարելի է կանգնեցնել, իսկ ամբողջական արձանը՝ ոչ:

Բայց կա խնդրի ամենակարևոր կողմը. Հայաստանում բացի Հայ Առաքելական եկեղեցուց, գործում են բազմաթիվ այլ եկեղեցիներ ևս, այդ թվում Հայ կաթողիկե եկեղեցին: Պատկերացնում եք չէ, թե ինչ տեղի կունենա, եթե այդ եկեղեցիներից որևէ մեկը, թեկուզ հենց Հայ կաթողիկե եկեղեցին վերցնի այս նախաձեռնությունը, կամ առաջարկի Գագիկ Ծառուկյանին իր հետ համագործակցությամբ կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը:

Ինչ կարող է անել Հայ առաքելական եկեղեցին այդ դեպքում կամ նրա Գերագույն հոգևոր խորհուրդը: Ոչինչ էլ չի կարող անել, քանի որ Հայաստանի տարածքը ոչ Հայ առաքելական եկեղեցու, ոչ էլ Գերագույն հոգևոր խորհրդի սեփականությունն է: Ուղղակի հայ մարդիկ հերթական անգամ կհամոզեն մեզ, որ Հայ առաքելական եկեղեցին ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ ինչ-որ խումբ մարդկանց սեփականությունը, իրապես կտրված սեփական հոտից, և նրա հոգևոր պահանջմունքներից:

Հ.Գ. Մենք խորհուրդ կտայինք և կհորդորեինք Գագիկ Ծառուկյանին առանձնապես լուրջ չվերաբերվել ոչ Գերագույն հոգևոր խորհրդին և ոչ էլ նրա կայացրած որոշմանը, և անպայման իրականացնել իր մտահղացումը: Եթե ամեն ինչ այնպես լիներ, ինչպես ուզում կամ պատկերացնում են հոգևորականները, ապա աշխարհում չէր լինի ոչ լուսավորչություն, ոչ գիտություն և ոչ էլ անգամ մշակույթ, և մարդկությունը կխարխափեր միջնադարյան մղձավանջում: Մինչդեռ այժմ հոգևորականներն օգտվում են ժամանակակից գիտության և տեխնիկայի լավագույն նվաճումներից և որևէ մեկը նրանց չի հարցնում, թե օրինակ` Բենթլի քշելն ու Iphone ունենալը հարիր է Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին, թե հակասում է դրան:

ArmLife.am

Please enter a valid URL