Երևանն ու Մոսկվան քննարկում են Հայաստան մատակարարվող ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հարցը, երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Պաշտոնյան մանրամասներ չհայտնեց՝ պատասխանելով խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ հնարավորություն կա՞ Ռուսաստանի հետ նման տարբերակ քննարկելու։
«Այո՛, պարոն Բագրատյան, քննարկվում է, որովհետև նաև քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, որի քննարկման օրակարգում, բնականաբար, երկրները ներկայացնում են նաև իրենց առաջարկությունները և, բնականաբար, երկրները նախևառաջ առաջարկություններ են ներկայացնում, որ էդ հարցի լուծմանը զուգահեռ նաև լուծվեն ամենախոշոր արտահանվող ներմուծման դիմաց արտարժույթ արտահանվող գործիքների հարցը։ Ես հիմա չեմ կարող խոստանալ, որ էդ հարցը լուծում կունենա, որովհետև կան օբյեկտիվ պատճառներ, բայց այնուամենայնիվ այսօր արդեն առնվազն գլոբալ իմաստով էդ հարցը քննարկվում է նաև հանրային տիրույթում, և ինչ-որ պահի, ես կարծում եմ, կդառնա շատ ավելի կոնկրետ օրակարգային», — ասաց Գրիգորյանը։
Տարիներ ի վեր, հատկապես` 2015-ին Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո պաշտոնական Երևանը բազմիցս բարձրացրել է տնտեսական միության շրջանակում ռուսական էներգակիրների, ներառյալ՝ բնական գազի դիմաց ռուբլով վճարում կատարելու հարցը։
Պաշտոնապես շարունակաբար հաղորդվում էր, թե հարցը քննարկվում է։
Միաժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց, թե որոշում է կայացվել «ոչ բարեկամ» երկրներին՝ Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը ռուսական բնական գազը վաճառել ռուբլով՝ հրաժարվելով դոլարից ու եվրոյից։
Նախորդ տարի Ռուսաստանը Եվրամիությանը վաճառել է ավելի քան155 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, ինչը շուրջ 25 տոկոսով ավելի է տասը տարվա վաղեմության ցուցանիշից և ինչը կազմել է ողջ Եվրամիության ներմուծած կապույտ վառելիքի մոտ 45 տոկոսը կամ Եվրամիության սպառած գազի 40 տոկոսը։