«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք քանիցս գրել ենք Արագածոտնի մարզում տիրող կառավարչական խառնաշփոթի մասին։ Գրել ենք, որ ամիսներ առաջ մարզպետ նշանակված նախկին ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը մարզում չի տիրապետում իրավիճակին, եւ որ այս ընթացքում մի քանի դե ֆակտո մարզպետներ են առաջացել, որոնք էլ կառավարում են մարզը։
Նրանք են՝ Աշտարակ, Ապարան համայնքի ղեկավարներ Թովմաս Շահվերդյանը, Կարեն Եղիազարյանը։ Եվ վերջիններս ու անգամ Թալինում նշանակված եւ չկայացած ղեկավար Տավրոս Սափեյանն ավելի շատ հեղինակություն եւ ազդեցություն ունեն, քան Մովսիսյանը:
Մեզ պատմում էին, որ Մովսիսյանը միայն մարզպետարանում է մարզպետություն անում: Սակայն օրերս մարզպետարանի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Մովսիսյանը մարզպետարանում էլ է զիջել դիրքերը, այստեղ էլ ղեկն իր ձեռքն է վերցրել մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, ով նախկինում շախմատի ուսուցիչ էր, ապա դարձավ պատգամավորի օգնական, հիմա՝ մարզպետի խորհրդական:
Խորհրդական Գրիգորյանի նախաձեռնությամբ էլ մարզպետարանի շենքում անվտանգության համակարգ է ներդրվել, եւ նա անձամբ է վերահսկում աշխատակիցների ելումուտը, քանի որ չիպերով են մուտք գործում շենք եւ դուրս գալիս: Խորհրդականը նաեւ կրթական թեմաներով խորհրդակցություններ է հրավիրում՝ մարզի կրթական հաստատությունների ներկայացուցիչների եւ ղեկավարների մասնակցությամբ, նրանց հրահանգում է ներկայանալ։
Իսկ նման բան, մեր աղբյուրի փոխանցմամբ, երբեւէ, որեւէ մարզպետի ժամանակ չի եղել։ Մշտապես մարզպետներն են ներկա գտնվել նման խորհրդակցություններին, վատագույն դեպքում՝ դրանք վարել են մարզպետարանի կրթության վարչության պատասխանատուները, որը դժգոհության առիթ չի հանդիսացել, ինչպես հիմա: Բացի այդ, խորհրդականի հորդորով մարզպետարանում բոլոր գրությունները հասցեագրվում են իրեն, մինչդեռ, ըստ կարգի, դրանք պետք է հասցեագրված լինեն մարզպետին, մարզպետի տեղակալներին, վարչությունների պետերին»: